Խորհրդարանական վերջին ընտրություններին սեփական կուսակցության աջակցությունից զրկված երկու ՀՀԿ-ական թեկնածուները որոշել են համատեղ բիզնես դնել: Երբեմնի հայտնի գործարար Հակոբ Հակոբյանը, ով հասարակությանն առավել հայտնի է Ճոյտ մականվամբ, իր «թևի տակ է առել» ոչ վաղ անցյալում հաջողակ գործարար Խաչիկ Մանուկյանին և հիմա էլ նրանք փորձում են իրենց դրսևորել շինարարական ոլորտում:
Նախկինում սեփական բանկ ունեցած Հակոբ Հակոբյանը ու «Լուսակերտի » թռչնաֆաբրիկայի նախին սեփականատեր Խաչիկ Մանուկյանը թեև առաջին անգամ են այս ոլորտում, բայց համոզված են , որ վերջին կորուստենրից հետո հիմա արդեն մեծ փողեր են աշխատելու:
«Մեր իրականացրած մոնիտորինգը ցույց տվեց, որ շինարարական ոլորտը համենայն դեպս հեռանկարային է Հայաստանում: Հիմա երիտասարդ սերունդը նախընտրում է նորաոճ ու հարմարավետ բնակարաներ ձեռք բերել հիպոթեքով: Մենք էլ հաշվարկել ենք այս ամենը ու հենց այս կոնտինգենտի համար կփորձենք բազմաբնակարան շենքեր կառուցել և վաճառել Երևանի փոքր կենտրոններում»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Մանուկյանը:
Խաչիկ Մանուկյանի խոսքով, իրենք ոչ թե վախեցել կամ խուսափել են մայրաքաղաքի Փոքր Կենտրոնից, քանի որ «խոշոր շնաձկները» այն վաղուց զավթել են, այլ որովհետև Փոքր կենտրոնն իրենց ձեռնտու չի եղել բիզնես նկատառումներով:
«Ես տենց բան չեմ հանդիպել, որ ասենք ուզենանք Կենտրոնում հող առնենք ու շենքեր կառուցենք մեր համար խնդիրներ առաջացնեն, թույլ չտան, ինձ թվում ա չկա նման բան:
Կամ ասենք, ասում են շինարարական ոլորտը մոնոպոլիա ա, չկա նման բան , հակառակը' սա երևի թե էն ամենաբաց դաշտն ա, որտեղ մեկն ուզենա մտնի բիզնես անի ու իրան խանգարող չկա: Էստեղ միակ խնդիրը կառուցածդ շենքերը իրացնելն ա, դրա հարցն էլ մենք փորձել են լուծել բանկերի հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածություներով, որ մարդիկ կարողանան նվազ աշխատավարձով հիպոթեքով գնել»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:
Իսկ միգուցե Խաչիկ Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի հանրապետական լինելն է իրենց համար կանաչ լույս վառել այս օլիգարխիկ ոլորտում տեղավորվելու համար հարցին գործարարը ծիծաղով արձագանքեց. «Ճիշտ հակառակը, մեր հանրապետական լինելը մեզ պարտավորեցրել ա, որ ավելի զգոն լինենք ու ավելի հետևողականորեն պահենք սահմանված բոլոր նորմերը: Մենք մտադիր ենք այս բիզնեսով երկար զբաղվել»:
Մեր այն դիտարկմանը, որ բիզնեսում կորուստներ ունեցած, իսկ քաղաքականության մեջ առանց տանիքի մնացած այս հանրապետականները, այնուամենայնիվ, կփորձեն իրենց ուժերը հաջորդ խորհրդարանական ընտրություններին, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Ինձ համար հետաքրքիր է այս ոլորտը, կարծում եմ կշարունակեմ հաճույքով զբաղվել բիզնեսով:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին նախկին պատգամավորը վստահեցրեց, որ ինքը չունի խանդի խնդիր և պատրաստ է իր փոխարեն իր ընտրատարածքից ընտրված Մնացական Մնացականյանի հետ ուս ուսի տված աշխատել իրենց առաջնորդի համար' ընդգծելով, որ առայժմ չունի կուսակցությունից կազմակերպչական աշխատանքների համար որևէ հրահանգ: