Հայ ազգային կոնգրեսի անդամ, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապատ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ, նախագահի թեկնածուների մեծ մասին առաջ են քաշել իշխանությունները ընտրություններում բազմազանություն ապահովելու համար։
«Արդեն իսկ գրավի մուծման փաստը բոլորիս հուշում է, որ առաջադրվել են մարդիկ, ովքեր այդ գրավը մուծելու հնարավորություն բացարձակապես չունեն եւ հարց է առաջանում, իսկ որտեղից են հայթայթել այդ գումարը եւ հանուն ինչի, եթե նախօրոք գիտեն, որ չեն հաղթելու։ Հետեւաբար կարելի է ենթադրել, որ իշխանությունն էլ հենց մուծել է այդ գրավը բազմազանությունը ապահովելու համար», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի առաջադրված թեկնածուների մեջ է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանին հարցրեցինք, թե արդյոք իր կարծիքով Բագրատյանի համար նույնպես 8 միլիոն դրամի ընտրագրավը իշխանություններն են մուծել։
«Ես չեմ ուզում կոնկրետացնել, առավել եւս պարոն Բագրատյանի դեպքում, ում հետ մենք ուս ուսի 5 տարի պայքարի մեջ ենք եղել, եւ ես ասում եմ մեծ մասի մասին։ Բագրատյանի դեպքում կարծում եմ, որ նա ի վիճակի է այդ գրավը մուծելու», - նշեց ՍԴՀԿ ատենապետը։
Միեւնույն ժամանակ, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ այս պահին չի տեսնում մեկին, ով կարող է հաղթել Սերժ Սարգսյանին՝ «ավելի ճիշտ նրա ադմինիստրատիվ լծակները, նրա ֆինանսական միջոցները»։
«Այդ մրցակցության մեջ մտնելը ես Կոնգրեսի համար անլուրջ եմ համարում, երբ նախօրոք գիտես, թե ինչ է լինելու», - հավելեց Լյուդմիլա Սարգսյանը, կարծիք հայտնելով, որ Հրանտ Բագրատյանը, ինչպես նաեւ «լավ կլիներ» Րաֆֆի Հովհաննիսյանը չառաջադրվեին՝ իմանալով, որ «հաղթելու շանսերը զրոյական են»։
«Ո՞վ պետք է դներ, որ լուրջ մրցակցություն լիներ»
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորի այն պնդմանը, թե նախագահի թեկնածուների մի մասին առաջ են քաշել իշխանությունները, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այդ մեկնաբանությունները «անհեթեթեություն» որակեց։
«Նման կարծիք արտահայտողների տրամաբանությունը ես չեմ հասկանում», - նշեց ՀՀԿ խոսնակը։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդմանը, թե առաջադրված թեկնածուները Սերժ Սարգսյանի համար լուրջ մրցակիցներ չեն, Շարմազանովը մեկնաբանեց․ - «Իսկ ո՞վ պետք է դներ, որ լուրջ մրցակցություն լիներ։ Չեմ կարծում, որ ովքեր որ թոշակի են գնացել, կամ հրաժարվել են առաջադրվել, ավելի մեծ շանսեր կարող էին ունենալ, քան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կամ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը»։
Հարցին, թե ինչո՞վ է բացատրում թեկնածուների աննախադեպ մեծ թիվը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Մեկը ուզում է հիշվել, մեկը ուզում է ինքնահաստատվել, մյուսը ուզում է իր կարծիքն արտահայտել։ Բայց ես գոնե երեք-չորս թեկնածու տեսնում եմ, որոնք կարող են դրական ծրագրային դրույթներ ներկայացնել եւ ես կարծում եմ, որ թե՛ Բագրատյան Հրանտը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, ի զորու են շատ լուրջ կարծիքներ եւ ծրագրեր առաջարկելու մեր հասարակությանը, բայց, բնականաբար, անկախ ամեն ինչից պայքարը գնալու է երկրորդ տեղի համար»։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ թեկնածուների քանակին, ինչպես նաեւ իշխանությունների հետ նրանց ունեցած հնարավոր կապին, պատճառաբանելով, որ իր կուսակցությունը որոշում ունի որեւէ կերպ այս նախագահական ընտրություններին չմասնակցել եւ նախընտրելով ձեռնպահ մնալ իր անձնական տեսակետը հնչեցնել։
«Լուրջ մասնակցություն»»
Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը եւ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել են, որ չեն մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, խորհրդարանական այս երկու ուժերից փորձեցինք պարզել նաեւ, թե ինչպես են ընտրատեղամասերում հանձնաժողովի նրանց անդամները գործելու եւ ինչ ցուցումներ են ստացել։
ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե իրենց անդամներին ուղղված ցուցումը մեկն է լինելու՝ տեղերում պաշտպանել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը։
ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ հանձնաժողովներում իրենք լուրջ մասնակցություն կունենան եւ հենց իրենց անդամների օգնությամբ էլ կարծիք կձեւավորեն ընտրությունների ընթացքի վերաբերյալ։