Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության գծով այդ երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը նախօրեին մեղադրանքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին եւ պահանջել հետ կանչել նրան այն բանի համար, որ նա ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ:

 

Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ «Արցախպրես»-ը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Հարցին ի պատասխան նշվել է, որ այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

 

«Ադրբեջանի նման կեցվածքը վկայում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման մեջ նրա շահագրգռվածության բացակայության մասին»,-ասված է մեկնաբանության մեջ: