Առաջիկա երեք օրվա ընթացքում Երեւանում Արեւելյան Եվրոպայի 25 երկրների ներկայացուցիչներ կքննարկեն քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման գործընթացներն ու ընթացակարգերը: Մասնակիցները կքննարկեն, թե ի՞նչ խնդիրներ կան քիմիական զենքի առնչությամբ տարբեր երկրներում եւ ինչպե՞ս համատեղ հաղթահարել դրանք' ստեղծելով նեղ տարածաշրջանային համագործակցություն:
Թեպետ մեր տարածաշրջանում այդպիսի խնդիրներ չկան, սակայն քիմի ական զենքի կոնվենցիան իրականացնում է նաեւ մեկ այլ գործառույթ եւ վերահսկում է երկակի նշանակության տարրերի շրջանառություն: Կոնվենցիան սահմանում է քիմիական տարրերի որոշակի քանակություն, եւ յուրաքանչյուր երկիր ներկայացնում է հաշվետվություն, թե քիմիական նյութերի ինչ քանակ է գնվել:
Այդ առումով Երեւանում կարեւորում են այդ քննարկումն ու կոնվենցիայի դրույթների պահպանումը: «Հայաստանում երկակի տարրերի հետ կապված խնդիրներ չկան, սակայն հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները, առկա է ժամկետանց սպառազինության եւ ռազմամթերքի խնդիր, եւ դրանից ազատվելու անհրաժեշտություն է զգացվում»,- «Արմենպրես»,-ի հետ զրույցում ասաց Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի նախագահ Սամվել Մկրտչյանը' հավելելով, որ եռօրյա հանդիպման նպատակն է քննարկել առկա բոլոր խնդիրներն ու գտնել լուծումներ, որը պետք է ամրագրվի համաձայնագրով:
Սա քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպել է ՀՀ ԱԳ նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմինն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարությունը: Քիմիական զենքի կոնվենցիան միջազգային եզակի պայմանագրերից է, որը նպատակ ունի զանգվածային ոչնչացման տեսակներից մեկը' քիմիական զենքը ոչ միայն արգելել, այլեւ գործընթաց իրականացնել եղած պաշարների ոչնչացման համար: