Հայաստանում հարկային դաշտի բարեփումներն այսուհետ ուղղված կլինեն երեք կարևոր հարցերի լուծմանը՝ հարկերի վճարումը դարձնել ավելի պարզ և քիչ ժամանակատար, հարկային համակարգը և հարկային մարմինների գործունեությունը դարձնել կայուն և կանխատեսելի, ինչպես նաև հնարավորինս ապահովել հարկման արդարության սկզբունքները։
Այս մասին Հարկային բարեփոխումների ծրագրի ընթացքում իրականացված հետազոտության արդյունքների ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով նախկինում Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր։ Նրա խոսքով՝ անցկացված հետազոտությունը պարզել է այն հիմնական ուղղությունները, որոնք առավել մտահոգիչ են եղել բիզնես միջավայրում։ «Հարկային դաշտի կարգավորման համար մենք կարևորում ենք հասարակության կարծիքը։ Հետազոտության մի շարք արդյունքներ ունեն գործող նշանակություն և տեղ կգտնեն հարկային բարեփոխումների ծրագրում։
Մասնավորապես, հետազոտության համաձայն' հարցվածների շուրջ 50 տոկոսը համամիտ է, որ եթե հարկ վճարելը ավելի հեշտ լիներ և քիչ ժամանակատար, մարդիկ ավելի պատաստակամ կլինեին վճարել դրանք։ Կամ հարցվածների շուրջ 89 տոկոսը նշել էր, որ Հայաստանի հարկային համակարգը կանխատեսելի չէ և նրանք գտնում են, որ ճշգրիտ կերպով հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կլինի հարկային բեռը հաջորդ տարի։ Հարցվածների շուրջ 60 տոկոսը ասել է, որ եթե մարդիկ հավատան, որ հարկերն արդար են, նրանք միշտ պատրաստակամ կլինեն վճարել դրանք։ Հետազոտության արդյունքների համաձայն' արդեն իսկ կ արելի է նշել հարկային բարեփոխումների այն ուղղությունները, որոնք կսկսի հարկային ծառայությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հարկատուների կողմից վճարված հարկերը ծախսվում են պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով, հետևաբար կարևոր է ծախսերի արդյունավետությունը, և նշեց, որ դա հանդիսանալու է ծախսային քաղաքականության գլխավոր հարցը։
Խոսելով անցկացված հետազոտության նպատակների մասին՝ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սա հնարավորություն է տալիս բացահայտել գործարար միջավայրին հուզող խնդիրները և թույլ տալիս գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորությունն կտան ապահովել ծառայությունների որակի բարձրացումը։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ իր հանձնարարականով սկսվել է աշխատանքային խմբի ձևավորման գործընթաց։ «Աշխատանքային խմբում կլինեն հասարակական կազմակերպություններ, շահագրգիռ մարմիններ և տնտեսագետների խումբ։ Նրանց առաջարկությունները կքննարկվեն նաև հասարակության լայն շ րջանակներում»,-ասաց նա։
Նախարարն ուրախալի համարեց այն փաստը, որ գործարար միջավայրը գնահատել էր հարկային ծառայության աշխատանքը։ «Հարցումների համաձայն՝ գործարարները հարկային ծառայությունների և հարկային օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուր են համարել հարկային մարմինները։ Հատկանշական է, որ չնայած սպասարկման կենտրոնների գործունեության կարճ ժամանակատավածին, գործարարները տեղեկատվության ստացման հիմնական աղբյուր էին նշել հենց սպասարկման կենտրոններ այցելելը։ Հարկ վճարողները իրենց գոհունակություն են հայտնել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի, հարկային հաշիվների դուրսգրման, առցանց հարցման համակարգների ներդրման կապակցությամբ։ Նրանք նշել են, որ ավելի մատչելի և թափանցիկ է դարձել բիզնես միջավայրին հուզող տեղեկատվության ստացումը»,-ասաց Խաչատրյանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) իրականացրել է «Հարկային ընկալումներ» հետազոտությունը: Հետազոտությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ծրագրի կողմից' ԱՄՆ ՄԶԳ Հարկային բարեփոխումների ծրագրի (ՀԲԾ) շրջանակում: Նախաձեռնության նպատակն իրականացնել ելակետային գնահատում Հայաստանի հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հաղոևդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության և քաղաքացներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։