Հայաստանում այս տարի ծիրանի բերքի ծավալները չեն կարող անցած տարվա ծավալներին հասնել՝ կապված մարտի վերջին և ապրիլի սկզբին հանրապետությունում գրանցված ցրտահարության հետ: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: «Մենք անցած տարի ունեցել ենք 89 հազար տոննա ծիրան, սակայն այս տարի սպասում ենք միայն 8000 տոննա: Շուկայում մենք ծիրան կունենանք, սակայն չենք ունենա անցած տարվա արտահանման և վերամշակման ծավալները»,-ասաց Պետրոսյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ Հայաստանում ծիրանի բերքի հիմնական մասը լինում է Արարատի և Արմավիրի մարզերում, իսկ ցրտահարությունը հատկապես մեծ վնասներ է հասցրել հենց այդ տարածքների ծիրանենիներին: «Ծիրանենիներ պահպանվել են Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում, և մենք շուկայում ծիրան կունենանք և կկարողանանք մեր սպառողներին ինչ-որ բան առաջարկել»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնեսության նախարարությունը տեղեկացված է եղել այդ օրերին հանրապետությունում սպասվող ցրտահարության մասին և լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել: Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ ջերմաստիճանն այդ օրերին ավելի ցածր է եղել սպասելիից, ինչի արդյունքում նախարարության ձեռնարկած նախապատրաստական աշխատանքները արդյունավետ չեն եղել: Ցրտահարության օրերին որոշ բնակավայրերում եղել են նաև հոսանքազրկումներ, ինչը կարող էր լուրջ վնասներ հասցնել նաև ջերմոցային տնտեսություններին, սակայն գյուղատնտեսների կողմից ամեն ջանք գործադրվել Õ § և հաջողվել է ցրտահարությունից փրկել ջերմոցային բերքը: