ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, որ «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապված է իր անձի հետ։ Լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ բիզնեսի այն հատվածը, որը ռիսկերի համակարգում է, ստուգվում է, իսկ մնացած հատվածը տարբեր պատճառներով չի ստուգվում։ «Հաշվապահին ստուգելու, փայատերերի և օտարերկրյա ներդրողների հետ հարաբերությունները ճշտելու համար բիզնեսին հետաքրքիր է հարկային փաստաթուղթը, աուդիտը: Երբ ռիսկերի համակարգը ձևավորեցինք, ընդամենը մեկ տարում 1267 ձեռնարկություն հայտնաբերվեց: Մենք ունենք 85 հազար ձեռնարկություն: Մնացած ձեռնարկությունները, որոնք ուզում են ունենալ հարկային աուդիտ, պետք է նրանց հնարավորություն տալ դիմել հարկային մարմին, իսկ ով ուզում է ֆինանսական աուդիտ՝ դիմել աուդիտորական ձեռնարկություններին»,- ասաց Խաչատրյանը։

 

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ նախկինում չէր արվում այս նախաձեռնությունը և արդյո՞ք դա պայմանավորված է իր նոր կարգավիճակով՝ Ֆինանսների նախարարը նշեց, որ նախաձեռնությունն ավելի վաղ է սկսվել և անցել է քննարկումների փուլեր։ «Համակարգը ներդրվում է նաև գործարար շրջանակների խնդրանքով»,- ասաց նա։

 

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ էր նպատակահարմար խոշոր ընկերություններին պարտադիր աուդիտից ազատելը, նախարարն ասաց, որ պարտադրված որևէ բան հաճելի չէ բիզնեսի համար: «Աուդիտի գաղափարն այն է, որ ուղղորդես բիզնեսին և այն ինքնուրույն հայտարարագրվի: Հարկային աուդիտն ասում է նույնը, ինչ ասում է պարտադիր աուդիտը: Ինչո՞ւ պարտադրենք: Բիզնեսին թույլ տանք որոշել՝ հարկային աուդի՞տ անի, թե՞ ընտրի մյուսը: Մենք ամեն ինչ պետք է անենք բիզնեսի բեռը թեթևացնելու համար»,- ասաց նախարարը։