Ինչպես արդեն տեղեկացրել ենք' «Շարմ» հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում:
168.am-ը փորձեց պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու և նկարահանվելու տեսահոլովակում:
Մեզ հետ զրույցում երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասաց, որ առաջին անգամ է նման բան լսում. «Ինձ ոչինչ չի առաջարկվել»:
Մեր հարցին, թե առաջարկ լինելու դեպքում կերգե՞ք, Լեյլան պատասխանեց. «Ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակի համար չեմ երգել: Երգելու համար պետք է երգն արժեքավոր լինի կամ իր մեջ ինչ-որ հետաքրքիր բան պարունակի: Դրա մեջ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ինձ ամեն ինչի մեջ չեն ընդգրկում, որովհետև գիտեն, որ ես էլ չեմ ցանկանում ամեն ինչի մեջ լինել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տեսահոլովակը վաղուց է նկարահանվել, որտեղ ինքն էլ է երգել և նկարահանվել:
«Շատ հայտնի ու սիրված արտիստներ են երգել, այդ թվում' Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Հայկո և այլք»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին, թե ովքե՞ր են երգի խոսքերի և երաժշտության հեղինակները, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Խոսքերի հեղինակին չգիտեմ, կոմպոզիտորի անունն էլ Ալբերտ է, ազգանունը չեմ հիշում»:
Իսկ թե երբ կլինի երգի պրեմիերան, ԱԺ պատգամավորը չգիտի: