Վերջին տարիներին Հայաստանում ռազմավարական բնույթի միջոցառումներ են իրականացվել' նպատակ հետապնդելով պետությունը նախապատրաստել անհրաժեշտության դեպքում երկիրը պաշտպանելուն և Արցախին թիկունք կանգնելուն:
Մայիսի 8-ին, Արցախյան հերոսամարտին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուրի պանթեոն այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախի անվտանգության երաշխավորը եղել և շարունակում է մնալ Հայոց բանակը:
«Եթե Արցախին մի բան պատահի, մենք այնտեղ ենք լինելու և պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար»,- ասաց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով Երկրապահ կամավորական միությանն ու նրա թողած ավանդին' նախարարն ընդգծեց, որ երկրապահի աշխատանքի, ծառայության, պայքարի արդյունքն է, որ այսօր հայ ժողովուրդն ապրում է խաղաղ պայմաններում: «Երկրապահների ստորաբաժանումների հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ, որ հ այոց բանակը իր զորահավաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ այսօր մի կուռ կառույց է, և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի մեր հայրենիքի պաշտպանությանը»,- եզրափակեց նախարարը: