Լրագրող Գոհար Վեզիրյանի և Էդգար Տոնոյանի ամուսնությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: 2013-ի հուլիսի 6-ին իրար տեր և հնազանդ լինելու խոստում տված զույգը վերջերս ծնող է դարձել, ինչի կապակցությամբ էլ PressIdent.am-ը զրուցեց նորաթուխ մայրիկի'Գոհարի հետ:

 

Նա առաջինը հենց մեզ վստահեց տղայի լուսանկարներն ու մանրամասներ հաղորդեց: Պարզվում է՝ Նարեկն իրեն շատ երկար սպասեցնել չի տվել. ծնվել է ժամանակից շուտ՝ 8 ամսականում:

 

 

Փոքրիկը, ում ծնողները Նարեկ են կոչել, ծնվել է այս տարվա մարտի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել Մեմորիալ հիվանդանոցում: Չնայած լրագրողը որդուն լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, բայց իր խոսքով, միջավայրը հայկական է եղել. բժիշկը ազգությամբ հայ Քեվին Գալստյանն է, ով բավականին հայտնի է ԱՄՆ-ում:

 

Նարեկը ծնվել է 2 կիլոգրամ 600 գրամ քաշով, հասակը՝ 46 սմ: Խոսելով ծննդաբերությունից հետո իր առաջին զգացողությունների մասին՝ Գոհարն ասաց. «Ընդհանուր անզգայացման պայմաններում Նարեկի առաջին ճիչը չեմ լսել, գիրկս չեմ առել, հետևաբար՝ զգացողությունների մասին կլռեմ»:

 

 

Ծննդաբերության ողջ ընթացքում Նարեկի հայրը՝ Էդգարը, միջանցքում սպասել է փոքրիկի ծնվելու լուրին: «Ծննդաբերության ողջ ընթացքում ամուսինս հիվանդանոցում էր, բայց վիրահատարան չի մտել: Բարդ իրավիճակ էր, և բժիշկները որևէ մեկին չթողեցին ներս մտնել»,- հայտնեց Գոհարը՝ հավելելով, Էդգարի կողքին գտնվածները դժվարանում են նկարագրել նրա առաջին արձագանքը որդուն տեսնելու պահին: Երջանկության զգացողությունը միշտ էլ դժվար է նկարագրել»,- ընդգծեց Գոհարը:

 

 

Ըստ նրա՝ Նարեկի ծնվելուց հետո իր մոտ ամեն բան փոխվել է: «Նարեկից հետո իմ մեջ ամեն ինչ փոխվել է: Պատասխանատվությունս սևեռվել է մեկ ուղղությամբ՝ դեպի Նարեկը, ուշադրությունս՝ ևս: Մի խոսքով, մոլորակը հիմա ինձ համար նրա առանցքի շուրջն է պտտվում»,- նշեց երիտասարդ մայրիկը: Պարզվում է՝ փոքրիկ Նարեկը շատ է սիրում աղմկել ու երաժշտություն լսել: «Բոլոր նորածինների նման նա ևս ունի իր բնավորության առանձնահատկությունները:

 

Այս պահին միայն նշեմ մեկը՝ շատ սիրում է երաժշտություն լսել ու աղմկել: Լռության մեջ չի քնում, երեք օրականից մենք նրան դուրս՝ փողոց ենք հանել, մեզ հետ տարել ենք խանութ, ռեստորան, հյուր, մի խոսքով, ամեուրեք նա մեզ հետ է, ուստի՝ սիրում է «հանգստանալ և սնվել» աղմկոտ միջավայրում»,- որդու մասին խոսելիս նշեց Գոհարը:

 

 

Լրագրողին անգամ մայրանալը հետ չի պահում ակտիվ առօրյայից. «Շարունակում եմ ակտիվորեն ապրել՝ հետևելով քաղաքական անցուդարձին: Առօրյաս առաջվա պես գերհագեցած է: Մի խոսքով, տրտնջալու և ձանձրանալու առիթ չունեմ»:

 

Գոհարը կարողանում է միայնակ գլուխ հանել փոքրիկից, ըստ նրա՝ ավելի հեշտ է միայնակ զբաղվել փոքրիկով, քան, երբ կողքից խանգարում են: Պնդում է, որ բնությանը դեմ գնալը տգեղ բան է, դրա համար որդուն կրծքով է կերակրում:

 

 

Խոսելով կանանց մոտ նախածննդաբերական և հետծննդաբերական սթրեսներից' լրագրողը նշեց. «Սթրեսի մեջ եմ, թե՞ ոչ, կամ եղել եմ, թե՞ոչ, կարող են դատել ընկերներս, գործընկերներս ու հարազատներս: Ճիշտ է, որոշակի փոփոխություններ վարքիս մեջ եղան, բայց դա ևս բնական գործընթաց է: Հիմա լավ եմ, ամեն ինչ հրաշալի է, որովհետեւ շուրջս հավաքված են բարի ու լավ մարդիկ՝ իրենց հիանալի ընտանիքներով: Դրական էներգետիկայի պակաս չունեմ, անգամ օտարության մեջ ինձ չեմ զգում»:

 

 

Փոքրիկ Նարեկի համար անհրաժեշտ իրերի գնումներով զույգը միասին է զբաղվել: «Նարեկի համար գնումներ արել և շարունակում ենք անել երկուսով: ԱՄՆ-ում շատ գեղեցիկ սովորություն կա, հղիության վերջին ամսում կանանցով հավաքվում և ուրախանում են, որի ժամանակ հրավիրվածները նվերներ են բերում փոքրիկին՝ թեթևացնելով ծնողների գործը: Իմ դեպքում ևս ազգականներս մտածել էին այդ մասին, սակայն Նարեկը շտապեց, նա ծնվեց երեքշաբթի, մինչդեռ մոտակա կիարկին ռեստորանում պատվեր էր տրված: Միջոցառումը չկայացավ, սակայն մինչ օրս Նարեկն ամեն օր նվերներ է ստանում: Ափսոսում եմ, որ շատ զգեստներ չի հասցնելու հագնել,և բազմաթիվ խաղալիքների տուփեր նրա՝ արագ մեծանալու պատճառով, մնալու են առանց ուշադրության»,- ափսոսանքով նշեց նորաթուխ մայրիկը:

 

 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց Միացյալ Նահանգներում ծննդաբերել, ու արդյոք պատճառը մեր բժիշկներին չվստահելն էր, լրագրողն ասաց. «Դա նախապես որոշված չէր: Իսկ մեր բժիշկներին, անշուշտ, վստահում եմ: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Էրեբունի բժշկական կենտրոնի ղեկավարությանը՝ ի դեմս պարոն Քուշկյանի: Կարինե Արտաշեսովնան հսկել է իմ հղիության վեց ամսիները: Դժգոհություն չունեմ: Հատուկ կարևորելով հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու, մեր գործընկեր Շուշան Հունանյանի գործոնը՝ հեռվից բարևում եմ իմ սիրելի գործընկերոջը' Շուշանին, Կարինե Արտաշեսովնային, և այն բոլոր մարդկանց, ովքեր վեց ամիս շարունակ ամեն վայրկյան կողքիս են եղել»:

 

 

Գոհարից փորձեցինք ճշտել նաև՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանի և ԱՄՆ-ի ծննդատների միջև համեմատականներ անցկացնել, որին էլ ի պատասխան նա նշեց. «Համեմատականներ անհնար է անցկացնել: Ափսասում եմ, որ հայ մայրերն ու մանուկները չունեն այն պայմաններն ու հնարավորությունները, որոնք ունենում են ԱՄՆ քաղաքացիները:

 

Թերևս՝ այսքանը: Շատ եմ մտածել այս խնդրի շուրջ, բայց դա առանձին խոսակցության թեմա է, որին հետո այլ առիթով կանդրադառնամ»: Գոհարն անպատասխան թողեց միայն Հայաստան վերադառնալու մասին հարցը՝ ասելով. «Այս հարցն անպատասխան կթողնեմ, որ ընկերներիս համար անակնկալը չփչացնեմ»: PressIdent.am-ը շնորհավորում է մեր գործընկերոջն ու ընտանիքին' Նարեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ փոքրիկին անհոգ մանկություն մաղթում:

 

Մերի Պողոսյան