Ադրբեջանցի ոստիկաններն այնքան են բարոյալքվել, որ կաշառք են վերցնում անգամ բնամթերքով: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:

 

Կայքը նշում է, որ Facebook սոցիալական ցանցում ադրբեջանցի մի բլոգեր լուսանկար է տեղադրել, որում երեւում է, ինչպես են Ադրբեջանում ոստիկանները բացահայտ կերպով զբաղվում ռեկետով: Կանգնեցնելով փողոցում հատապտուղներ վաճառող առեւտրականին, ոստիկանները նախ նրան հայտարարում են, որ իրավունք չունի զբաղվել առեւտրով, իսկ հետո էլ նրա ձեռքից խլում են ամբողջ ապրանքը: Բաքվի ոստիկանների հերթական շրջայցը մի քանի դույլ ելակի եւ շլորի «որս» է բերել նրանց:

 

Ադրբեջանի ոստիկանների' անգամ բնամթերքով կաշառք վերցնելու դեպքեր ադրբեջանական մամուլում շատ են նշվել: 10 օր առաջ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ձկան տեսքով կաշառք վերցնելու վերաբերյալ YouTube-ում տեսանյութ էր տեղադրվել, որը ցնցել էր «Ազատություն» ռադիոկայանի արաբական ծառայությունը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են վարորդների գրպանները դատարկելու մեջ հմտացած ադրբեջանցի ոստիկանները յուրաքանչյուր րոպեում թալանում մեկ վարորդի: Ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են սպիտակ «Նիվա»-ն եւ վարորդից կաշառք պահանջում: Բայց այդ, ավտոմեքենայի վարորդի մոտ փող չի լինում: Այդ ժամանակ ոստիկանները հետաքրքրվում են, թե նա ինչ է տանում մեքենայով, եւ տեղեկանալով, որ «Նիվա»-ի բեռնախցում թարմ ձուկ կա, համաձայնում են կաշառքը վերցնել բնամթերքով: