ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և բարձր գնահատել մարզպետի պաշտոնում նրա երկարատև աշխատանքը: Արմեն Գևորգյանը հույս է հայտնել, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում ևս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում:

 

Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ փոխվարչապետը նշել է, որ Արամ Հարությունյանը երկար տարիներ աշխատել է հանրապետական գործադիր մարմնում, ծանոթ է նաև մարզին ու մարզում առկա խնդիրներին: Հաջողություններ և արդյունավետ աշխատանք մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Արմեն Գևորգյանը վստահություն է հայտնել, որ Հարությունյանն իր ջանքերը կներդնի խնդիրների լուծման, մարզում տարբեր ծրագրերի կենսագործման համար: Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզի համայնքներ՝ իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: