Ամբողջ աշխարհում մայիսի 10-ը նշվում է որպես Սեքսապաթոլոգների միջազգային օր: Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալասարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը կարծում է, որ հասարակության համար մեծ նշանակություն ունի սեռական կրթությունը: Մասնագետի խոսքով' այն անհրաժեշտ է բարոյապես առողջ անհատի ստեղծման համար:

 

«Հաճախ մեկ հասարակության համար ընդունելի չեն մյուս հասարակության արժեքները: Օրինակ' եվրոպական հասարակության համար ընդունելի արժեքները երբեմն ընդունված չեն մեր հասարակության համար: Յուրաքանչյուր հասարակություն պետք է մշակի նորմեր հենց իր համար»,-նշեց Սևադա Հակոբյանը:

 

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչի համոզմամբ, սեռական խնդիրիներ ունեցող տղամարդիկ են ավելի շատ դիմում բժշկի, քան կանայք, սակայն հետագայում բժշկի պահանջով հետազոտվում են նաև իգական սեռի ներկայացուցիչները: «Սեռական խանգարումների առումով աճ է նկատվում, որը պայմանավորված է տեղեկացվածության բարձր մակարդակով: Երիտասարդներն, ովքեր նախապատրաստվում են սեռական կյանքի, նվազագույն հետազոտությունների են ենթարկվում: Կանանց պարագայում ավելի հաճախ սեռական ցանկության վերաբերյալ խնդիրներ են դիտվում»,- ընդգծեց Սևադա Հակոբյանը:

 

Նրա կարծիքով' Հայաստանում կան հիվանդություններ, որոնք գուցե այլ երկրներում չեն էլ դիտվում կամ էլ հազվադեպ են: «Մարդիկ ամուսնանում են, զույգը երկար տարիներ ապրում է առանց հարաբերությունների' քողարկելով խնդիրը, հետո երեխա ունենալու համար նոր միայն դիմում են բժշկի: Սա կոչվում է կուսական ամուսնություն, որը դիտվում է երկար տարիներ: Հայաստանում բավականին հաճախ են նման դեպքեր լինում: Մարդիկ երբեք չեն ցանկանում, որ մեկ ուրիշ մարդ իմանա իրենց խնդրի մասին և խուսափում են. հիվանդը խոսում է երրորդ դեմքով, խուսափում են իրենց խնդրի մասին խոսելուց »:

 

Մասնագետը գտնում է, որ ամուսնության մեջ մեծ կարևորություն ունի սեքսուալ ներդաշնակությունը: Ամուսնալուծությունների 60-70 տոկոսի դեպքում հիմնական պատճառը հենց սեռական աններդաշնակությունն է: