Սպիտակ տան նախկին ստաժոր Մոնիկա Լևինսկին 15 տարվա լռությունից հետո անդրադարձել է իր եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սիրային հարաբերություններին եւ խոստովանել, որ սկանդալից հետո ամոթից եւ զայրույթից փորձել է անգամ ինքնասպանություն գործել: Լևինսկին, ով մինչ այժմ հրաժարվում էր բոլոր տեսակի հանրային հանդիպումներից, համաձայնվել է հարցազրույց տալ, երբ կարդացել է Հիլարի Քլինթոնի «Առաջին տիկնոջ հուշերը» գիրք ը, որտեղ նա Լևինսկուն անվանել է «մուլտֆիլմի ինքնասիրահարված եւ դատարկ հերոսուհի»:

 

Vanity fair պարբերականին տված հարցազրույցում Լևինսկին պատմել է, որ ափսոսում է իր եւ Բիլի հարաբերությունների համար: «Իհարկե, իմ տնօրենն օգտագործում էր իր դիրքն ու հզորությունը, սակայն ես միշտ կհաստատեմ, որ դրանք եղել են փոխհամաձայնեցված հարաբերություններ»,- ասել է Լեվինսկին: Նա հերքել է լուրերը, որ Քլինթոնն իրեն վճարել է, լռության դիմաց:

 

«Դա հիմարություն է: Սկանդալից հետո ես նրան չեմ տեսել: Իմ կյանքն այնքան խառն էր, ես օրերով փակված էի սենյակում գիշերանոցով, չէի ուզում ապրել: Մի անգամ ինքնասպանության փորձ կատարեցի, սակայն բժիշկները փրկեցին իմ կյանքը»,- պատմել է Լևինսկին' հավելելով, որ սիրային կապի բացահայտումից հետո Քլինթոնի ընդդիմախոսները նրան 10 միլիոն դոլար են տվել, սակայն նա հրաժարվել է. «Ինձ համար այդ ժամանակ գումարը ոչինչ չարժեր: Իմ սիրտն էր կոտրված, ես շատ վատ վիճակում էի»:

 

Սկանդալից անմիջապես հետո նա մեկնել է Լոնդոն, որտեղ ստացել է սոցիալական հոգեբանի մագիստրոսի աստիճան: Հետագայում, տարբեր քաղաքաներում աշխատանքի անցնելիս, նա միշտ խնդիրներ է ունեցել: «Անցյալն ինձ հանգիստ չէր տալիս: Անցել է շուրջ 20 տարի, բայց իմ անունը բոլորին է հայտնի: Եթե հարցում անցկացնեն, ապա իմ անունը ամենահայտնիների շարքում կլինի: Դա դարսափելի է»,- ասել է Լևինսկին' հավելելով, որ սկզբնական շրջանում աշխատանքի անցնելիս գործատունները հաճախ են ակնարկել երեկոյան հանդիպումների, ռեստորանների մասին: Մոնիկան խոստովանում է, որ մինչ օրս տարբեր միջոցառումների, նորաձեւության շոուների հրավերքներ է ստանում: «Մամուլը հույս ունի հանրային միջոցառումների ժամանակ ինձ բռնացնել եւ հարցազրույց վերցնել»,- ասել է Մոնիկան:

 

Թե ինչո՞վ է այսօր զբաղվում, որտե՞ղ է ապրում եւ ինչպե՞ս է դասավորել անձնական կյանքը, 40-ամյա Մոնիկան հրաժարվել է պատասխանել: Նա հասարակության ուշադրության կենտրոնում չէր լինի, եթե չլիներ նախկին նախագահի հետ սիրավեպը: Հետեւաբար, նա մամուլին կպատմի միայն այդ միջադեպի մանրամասները: Իր անձնական կյանքն ու ընտանիքը իրեն են պատկանում եւ Լևինսկին չի ցանկանում այն դարձնել հանրության սեփականությունը: