Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ կառավարության բերած նախագծով պարտադիր բաղադրիչը «դե յուրե» և «դե ֆակտո» դառնում է կամավոր, քանի որ 1974թ. հետո ծնված քաղաքացիները, ովքեր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են, կարող են սեփական դիմումի համաձայն հրաժարվել համակարգին իրենց մասնակցությունից: Այս մասին Ազգային ժողովում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ես այստեղ կարևորում եմ մեր քաղաքացիների նախաձեռնողականությունը, նրանց ակտիվությունը և սեփական իրավունքներին տեր կանգնելու պատրաստակամությունը»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական հայտարարությունը, ըստ որի' պարտադիր բաղադրիչը «դե ֆակտո» վերացվում է: «Սա կարևոր է այն առումով, որ մեր քաղաքացիների ակտիվությունը կարող է արդացված լինել, և որևէ մեկը՝ կլինի գործատու, թե պետական հաստատություն, իրավունք չի ունենա պարտադրել քաղաքացիներին, որ նրանք դիմում չգրեն: Սա այս փուլում շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ սրանից հետո քաղաքացիների ակտիվությունը կարևոր է դառնում նրա համար, որ սեպտեմբերից հետո, երբ պետք է մշակվի բարեփոխումների այնպիսի փաթեթ, որը կբավարարի հասարակության գոնե 80 տոկոսի շահերը, քաղաքացիների այդ ակտիվությունը պահպանված լինի, որպեսզի հնարավոր լինի հասնել պարտադիր բաղադրիչի ամբողջական բացառմանը:
Աղվան Վարդանյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը մեկ քայլ առաջ է, սակայն բոլոր հարցերը լուծում չեն ստանում: Նա ընդգծեց, որ շարունակում է բաց մնալ ֆոնդերին և համապատասխան հաշիվներին հաշվարկված և փոխանցված գումարների հարցը, քանի որ նույնիսկ պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դեպքում քաղաքացին չի կարող հետ ստանալ իր գումարը, եթե այն արդեն փոխանցվել է ֆոնդերին:
Աղվան Վարդանյանը, սակայն կարևորում է այն, որ կառավարությունը քայլ առաջ է կատարել, իսկ ՀՅԴ-ն չէր կարող դեմ լինել մի նախագծի, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոկային համակարգի մասնակցությունից:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել գործատուների նկատմամբ տուգանքների կիրառումը, եթե նրանք չեն հաշվարկել և փոխանցել կուտակային վճարները: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվում սեփական դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր համակարգի մասնակցությունից, ինչպես նաև ստանալ այն գումարները, որոնք պահվել են գործատուի կողմից, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել: