2013-2014 թթ. ուսումնական տարվա թե հիմնական, և թե ավագ դպրոցների շրջանավարտների համար այս տարի նույնպես «Վերջին զանգին» նվիրված տոնական միջոցառում կկազմակերպվի, որը տեղի կունենա մայիսի 23-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում: Համերգային մեծ ծրագրին կմասնակցեն հայ էստրադային երգիչներ և համույթներ, հայտնի արտիստներ: Մայիսի 23-ին ժամը 19:30-22:30-ը կայանալիք համերգը կուղեկցվի անակնկալներով, այնուհետև՝ հրավառությամբ:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում Ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:

 

Այս օրերին ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաև ծնողների հետ: Նպատակը մեկն է' համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են շրջանավարտները:

 

Այն մասին, որ Հանրապետության դպրոցներում այս տարվա «Վերջին զանգը» կհնչի մայիսի 23-ին, հայտնի դարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մայիսի 6-ի ֆեյսբուքյան հայտարարությունից: Նա հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում: Սակայն մինչև տոնական միջոցառումները նա կրկին հորդորել էր աշակերտներին կենտրոնանալ բացառապես ուսման վրա: