Հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է:

 

Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև տեղի ունեցած թեժ խոսակցությունը այնքան էր ծավալվել, որ Տույը ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկցորդներին:

 

Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին:

 

Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը:


«Օրենքով գողերը» հավաքի ժամանակ հայտարարել են, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկված են, սակայն նույն գողական օրենքներով գրեթե պարտադիր է նման հավաքներին մյուս կողմի ներկայությունը, որը կամ պատասխան՝ «ատչոտ» է տալիս իր արարքներին, կամ լսում և ընդունում է մեղադրանքը: Մինչդեռ Տույն ու Լյովիկը չեն մասնակցել գողական «սխոդկային», որովհետև մինչ այդ իրենք են հանդիպման հրավիրել Օշականցի Գևորիկին՝ իրենց հասցեին արված արտահայտություններին պատասխան տալու համար, ինչին Գևորիկը հրաժարվել է մասնակցել:


Տարօրինակ կարող է համարվել, որ «սխոդկայից» անմիջապես հետո Օշականցի Գևորիկի կողմից Տույի և Լյովիկի հեղինակազրկման՝ «օրենքով գողերի» վճռի մասին մասին այսպես կոչված «քսիֆ» է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ այն դեպքում, երբ վերջիններս դատապարտված չեն և գտնվում են ազատության մեջ: «Օրենքով գողի» այս քայլը լուրջ բախումների է հանգեցրել քրեակատարողական հիմնարկներում:

 

«Քսիֆ» ստանալով Գևորիկից՝ Նուբարաշենի «զոն նայողը» իր մոտ է հրավիրել հեղինակավոր դատապարտյալներին և հայտարարել է «օրենքով գողերի» վճռի մասին, ինչից հետո Լյովիկի դատապարտյալ ընկերները եռման ջուր են լցրել նրա վրա ու ծեծի են ենթարկել: Այս պահին վերջինս գտնվում է ծանր վիճակում: Իսկ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «օրենքով գողերի» կողմը ներկայացնող դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել «Երրորդ մասցի» Լյովիկի ընկերոջը, ով չի համաձայնվել ընկերոջ դեմ հնչեցված մեղադրանքի հետ և պատասխան մեղադրանքներ է հնչեցրել օրենքով գողերի հասցեին: Լյովիկի ընկերոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ միջադեպով մտահոգված են Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու ազդեցիկ քրեական հեղինակությունները: Չի բացառվում, որ նրանք առաջիկա օրերին կայցելեն Հայաստան: Նրանցից շատերը այս միջադեպի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Լյովիկին և Տույին:

 

Հստակ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու և պարզ չէ, թե ով հաղթող դուրս կգա այս պատերազմից՝ ծեծված օրենքով գողը, թե նրան ծեծի ենթարկողները: Սակայն մի բան ակնհայտ է, որ բախում է հասունանում ավանդական, «հին» «օրենքով գողերի» և երիտասարդ սերնդի քրեական հեղինակությունների միջև:

 

Ի դեպ, «Երրորդ մասցի» Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող հայտնի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է: Չնայած այն հանգամանքին, որ հաճախ է հայտնվում աղմկահարույց միջադեպերի կիզակետում՝ տարբեր շրջանակներում նրա մասին մեծամասամբ դրական են արտահայտվում: