«Վերջին տարիներին Հայաստանում էժանանում էր ամեն ինչը: Ես նկատի ունեմ պետական աթոռը, պետական պաշտոնը: Տեսնում ենք, թե ինչ կարգի մարդիկ են դառնում պատգամավոր, ինչ մարդիկ են զբաղվում քաղաքականությամբ, ու հիմա դրա արդյունքում մենք եկանք հասանք մի հանգրվանի, երբ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ հայտ են ներկայացնում նախագահի աթոռի համար: Նախագահի աթոռն այնքան է էժանացել, որ ցանկացած մեկը, ով արթնանում է, ունենալով այդ 8 միլիոն դրամը' կարողանում է ներկայացնել իր հայտը եւ մրցել քաղաքական կենսագրություն ունեցող անձանց հետ»,- անդրադառնալով առաջադրումներին եւ նախընտրական զարգացումներին, ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում կարծիք է հայտնել իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Վերջինս բացառում է այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում կշիռ ունեցող ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, եւ որի արդյունքում որոշել են չառաջադրվել թեկնածու: «Սերժ Սարգսյանը կարողացավ այս տարիների ընթացքում ՀՀ-ում ստեղծել այնպիսի մթնոլորտ, երբ լուրջ քաղաքական պայքարը բացակայում էր, երբ քաղաքական զարգացումները պայմանավորված են փողով եւ իշխանական լծակներով: Իշխանական լծակներին տիրապետում է Սերժ Սարգսյանը, փողին եւ ռեսուրսներին ամբողջությամբ տնօրինում է Սերժ Սարգսյանը, ե´ւ քաղաքական ուժերը, ե´ւ քաղաքական կուսակցությունները, բնականաբար, բախվելով այս իրականության հետ, իրենց համար, կարծում եմ, ավելի նպատակահարմար համարեցին չմտնել այս կեղտոտ պայքարի մեջ, որտեղ, ըստ էության, ոչ թե քաղաքական պայքար էր, այլ ուժի, փողի, լծակների պայքար»,- ասել է իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանը գտնում է, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, սակայն Սերժ Սարգսյանի «հաղթանակը» իրականում այլ անվանում ունի: «Նա երկրորդ անգամ ոչ թե կվերընտրվի, այլ երկրորդ անգամ նույնպես կլինի ՀՀ նախագահ: Նա եւ առաջին անգամ չի ընտրվել, մենք բոլորս ենք տեսել, թե ինչ գնով է նա տիրացել այդ աթոռին: Այս անգամ նա նույնպես կհայտնվի այդ աթոռին, բայց դա չի լինելու քաղաքական պայքարի արդյունքում ստացած հաղթանակ, դա չի լինելու ընդհանրապես հաղթանակ, դա լինելու է զավեշտ, ծիծաղ, կատակ:Մեր պատմության մեջ այս ընտրությունները նույնպես մնալու են որպես ծիծաղելի ինչ-որ մի բան»,- նշել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Փայլակ Ֆահրադյան