Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համաձայն չէ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե ինքը կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն զբաղված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տեսակետներն արտահայտելով և կրթության ոլորտը քաղաքականացնելով: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀԱԿ պատգամավորի դիտարկմանը, նշեց, որ ինքն Ազգային ժողով է ներկայանում բացառապես կրթական նախաձեռնություններով, որոնք կրթության ոլորտում բարեփոխումներ են ենթադրում: «Երբ ես այստեղ եմ գալիս որպես կրթության և գիտության նախարար, ինձ մոտ գերակայություն չկա, որ ես պետք է առաջնորդվեմ Հանրապետականի տեսակետներով: Այդ դուք եք, որ ինձ պարբերաբար հիշեցնում, որ ես հ անրապետական եմ, դուք եք պարբերաբար հանրապետականացնում և քաղաքականացնում իմ ելույթները, ստիպում եք կրթության ոլորտին վերաբերող հարցերը մտցնել քաղաքական դաշտ»,- ասաց Աշոտյանը:
Նա կոչ արեց կրթության նախարարությունից, կառավարությունից եկած օրինագծերը ընդունել որպես գերատեսչական փաստաթուղթ և չփորձել քաղաքական տարրեր փնտրել դրանց մեջ: «Այո, ես հպարտանում եմ նրանով, որ Հանրապետական կուսակցությունը 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթեց և մեծամասնություն կազմեց: Ես էլ որպես կուսակցության անդամ եկել եմ կառավարություն և կատարում եմ իմ պարտականությունները որպես կրթության նախարար»,- ասաց Աշոտյանը:
Նախարարը կոչ արեց իրեն մեղադրել որպես կրթության նախարար, եթե ինչ-որ տեղ որպես նախարար սխալվել է, եթե կրթության ոլորտում ինչ-որ տեղ ապօրինություն չի կանխել, սակայն նրա համար անընդունելի է կրթական ոլորտում բարեփոխումների անցկացման իր նախարարական գործունեության մեջ քաղաքական տարրեր փնտրելը և կրթական ոլորտը քաղաքականացնելու վերաբերյալ մեղադրանքները: