«Հեքիաթն է կանչում» խորագրի ներքո Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կկազմակերպվի բարեգործական տոնական համերգների շարք: Միջոցառման նախաձեռնողն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը: Համերգները տեղի կունենան Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Բարեգործական համերգները կմեկնարկեն հունիսի 1-ին' Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այնուհետև կշարունակվեն հունիսի 2-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահում և կեզրափակվեն հունիսի 3-ին' Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգներին կմասնակցեն օպերային թատրոնի նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը, ինչպես նաև հանրապետության էստրադային, ջազային երգիչները, մանկական երգչախմբերը, անսամբլները, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի և Մայիլյանի անվան թատրոնի դերասանները։ Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների հայտնի մանկական երգերն ու մեղեդիները՝ մշակված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։

 

«Հեքիաթն է կանչում» համերգ-միջոցառման ժամանակ կանցկացվի բարեգործական ուսումնական նախագծի մեկնարկ, որի շրջանակներում մանկատներում կկազմակերպվեն երաժշտական միջոցառումներ՝ երաժիշտ-մանկավարժները 1 տարի դասընթացներ կանցկացնեն երեխաների հետ, կներկայացնեն երաժշտական գործիքները:

 

Նախաձեռնության նպատակն է տոն պարգևել մանուկներին ոչ միայն տարվա մեջ մեկ օր, այլ ողջ տարի։ Շատ մանկատներ ունեն հոգաբարձուներ և գտնվում են բարվոք վիճակում։ Սակայն, կազմակերպիչների համոզմամբ, դեռ կան այնպիսի մանկատներ, որոնք ունեն աջակցության կարիք։ «Հեքիաթն է կանչում» համերգը նպատակաուղղված է դառնալ ամենամյա բարեգործական միջոցառում, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի կարիքավոր մանկատներին:

 

«Հեքիաթն է կանչում» համերգի հյուրերն են լինելու մանկատան երեխաները: Համերգներից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է մանկատներին։ Նախաձեռնության հատուկ հյուրերն են լինելու բարձրաստիճան այրեր, բարեգործական հիմնադրամների ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ճեմասրահում տեղադրված են լինելու արկղեր, որտեղ ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունը կատարել ծնողազուրկ երեխաներին:

 

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը ցանկանում է ծնողազուրկ երեխաներին տոնական շքեղ համերգ նվիրելուց բացի հանրության և բարեգործների ուշադրությունը սևեռել հանրապետության մանկատներում առկա խնդիրների վրա և անհապաղ տալ լուծումներ: Հետևողական է լինելու նաև մեկնարկած ուսումնական միջոցառումների գործընթացին։

 

Թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր' Կարեն Դուրգարյանը: Նախագծի հեղինակն է թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը: Համերգի ռեժիսորն է Դավիթ Հարությունյանը: