Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանն արձագանքել է խորհրդարանում մայիսի 19-ին տեղի ունեցած միջադեպին' երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի միջև: Եսայանն իր գործընկերուհու փոխարեն ներողություն է խնդրել բոլոր լրագրողներից' ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը. «Հարգելի լրագրողներ, չորրորդ իշխանության իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն և չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի և իմ շատ սիրելի և հանրապետությունում հարգված հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև, ես, որպես ԱԺ պատգամավոր ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից' այս անհաճո միջադեպի համար, և վստահեցնում եմ, Շուշանը որևէ անձի և որևէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես և Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և խմբակության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաև Շուշան Պետրոսյանը»:
Լրատվամիջոցների հաղորդմամբ' Շուշան Պետրոսյանը վիրավորել է Ազգային ժողովում իրեն մոտեցած լրագրողներին: Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան նա նախ պահանջել է անջատել տեսախցիկը, ապա ասել` դուք բոլորդ անբարոյականներ եք: