Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, ով կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի և Դավիթ Հարությունյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել ահռելի ունեցվածք կուտակելու համար:

 

Արմեն Աշոտյանն իր արտահերթ ելույթում ընդգծեց, որ կառավարությունը փոխվել է, սակայն որոշ մարդկանց մոտ այդպես էլ ոչինչ չի փոխվել: «Հայտնի անեկդոտն ասում է՝ փաստաթղթաշրջանառությունն է ավելացել միայն: Ակնհայտ է, որ եթե Սևակին հիշենք, բոլորն արդեն կարդալ գիտեն: Ուրեմն փառք կարդացածը հասկացողներին: Շատերն են կարդացել կառավարության ծրագիրը, սակայն ցավոք հասկացել է մի մասը միայն: Ես շնորհակալ եմ ոչ իշխանական ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր օգնել են կառավարության ծրագիրն առավել կառուցողական դարձնելու համար: Նրանք հասկացել են կառավարության ծրագիրը»,- ասաց Աշոտյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ ակնհայտ է, որ մարդիկ իրենց դրել են Դելակրուայի պատկերած «Ազատությունն առաջնորդում է ժողովրդին» կտավի կերպարի տեղը, բարձրացել են բարիկադների վրա և ցույց են տալիս իրենց ամբողջ քաղաքական հմայքը: «Ես կոչ եմ անում իջնել բարիկադներից, որովհետև դիմացինը զենքով չի եկել այստեղ, այլ' պարզած ձեռքով, գիտելիքով և ցանկութամբ միասին կառուցելու այն երկիրը, որի քաղաքացիները մենք պատիվ ունենք լինել միասին»,- ասաց նա:

 

Աշոտյանի համար ակնհայտ է, որ եթե անգամ կառավարության ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, ովքեր այդ պատվիրանների մեջ կգտնեին կոռուպցիոն ռիսկեր և արտաքին ճնշումներ: «Ակնհայտ է նաև, որ կառավարությունը փոխվեց, փոխվել է վարչապետը, սակայն շատ ու շատ մարդիկ մնում են նույն դերի մեջ, ինչպես նախորդ կառավարության ժամանակ, հետևաբար խնդիրը նրա մեջ է, ինչի մասին մենք վաղուց ասում էինք. խնդիրն իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են, որին դիտարկում են որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի : Այստեղ անվստահություն է ստեղծվում մեր և նրանց միջև, որովհետև մենք դասակարգային թշնամիներ չունենք: Առհասարակ, քաղաքական դաշտում թշնամիներ չունենք: Հովիկ Աբրահամյանի հետ երկու տարի հանգիստ աշխատում էիք Ազգային ժողովում, այդ ժամանակահատվածում ես նմանատիպ որևէ ելույթ, պոռթկում և մեղադրանք չեմ հիշում: Ի՞նչ է փոխվել հիմա: Կամ Գագիկ Խաչատրյանի տեղը նո՞ր իմացաք, կամ Դավիթ Հարությունյանի, իմ տեղը՝ կապ չունի»,- նշեց Աշոտյանը:

 

Աշոտյանն անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե ինքը ակտիվ է սոցիալական ցանցերում: «Ցավով եմ ուզում նշել, ոչ մի հեգնանք ասածիս մեջ չկա: Իմ ինտերնետային լսարանն արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը: Եթե այդպես շարունակվի, այդ մարդիկ 2017թ. լուրջ խնդիրներ են ունենալու Ազգային ժողով գալու առումով: Հետևաբար, ցանկանում եմ ելույթս ավարտել շատ կառուցողական առաջարկով, որով դիմում եմ խմբակցություններից մեկին: Առաջարկում եմ, որ ամբողջ կազմով, քանի հավաքվել եք և խորհրդարանում եք, Աստված գիտի՝ մեկ էլ երբ կլինեք, հավաքվեք Ազ գային ժողովի շենքի դիմաց և միասին մի «սելֆի» արեք: Գոնե Ազգային ժողովում կատարած ձեր աշխատանքից մի լավ հիշողություն կմնա»,- եզրափակեց նախարարը: