Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը չի մասնակցի ՀՀ կառավարության ծրագրի քվեարկությանը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Մենք արդեն ասել ենք, որ դեմ ենք կառավարության ծրագրին և ի սկզբանե կողմ ենք եղել, որպեսզի չմասնակցենք այս ծրագրի քվեարկությանը և հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը»,-ասաց նա:

 

Բիշարյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում ամրագրված չեն երաշխիքները, թե ինչպես են իրականացվելու ծրագրային դրույթները: ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ իրենց համար բավարար չէ նաև կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կառավարության նախագիծը, որն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից: Նա հիշեցրեց, որ իրենք կառավարությանն առաջարկել էին, որպեսզի կուտակային պարտադիր վճարից ազատվեն ոչ թե դիմում գրող քաղաքացիները, այլ նրանք, ովքեր դիմում չեն գրի, սակայն կառավարությունը մերժել է այն:

 

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության ծրագիրը: ԱԺ ոչ իշխանական քառյակը և ՕԵԿ-ը հայտարարել են, որ չեն մասնակցելու կառավարության ծրագրի քննարկմանը: