Ադրբեջանի իշխանության նախիջեւանյան խմբավորումն ու Փաշաեւները (Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հայրական կողմը) երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի վրա ազդեցության հնարավորությունները մեծացնելու համար դաժան պայքար են սկսել: Այս մասին «Ազադլիգ»-ին հայտնել է իշխանական աղբյուրը' նշելով, որ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւի որդու' Թիմուր Մեհդիեւին արտակարգ իրավիճակների փոխնախարար նշանակելու հետեւում կանգնած է նախիջեւանյան խմբավորման վերամիավորվելու փաստը:

 

«Հեյդար Ալիեւի մահվանից հետո նախիջեւանցի եւ հայաստանից եկած ադրբեջանցիները բաժանվեցին երկու խմբի, իսկ հետո Ռամիզ Մեհդիեւի եւ արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի ղեկավարությամբ երկու թեւի բաժանվեց նաեւ նախիջեւանյան խմբավորումը, որոնց միջեւ սկսվեց դաժան պայքար: 2005թ. Ալի Ինսանովի եւ Աքիֆ Մուրադվերդիեւի ձերբակալությամբ, երկրի ղեկավարի հորեղբոր' Ջալալ Ալիեւի մեկուսացմամբ հայաստանից եկածների խմբավորումը շարքից հանվեց: Դրանից հետո Ռամիզ Մեհդիեւի եւ Քեմալադդին Հեյդարովի միջեւ առաջնության համար պայքարն ուժեղացավ : Դա պայմանավորեց, որ Հեյդար Ալիեւի ժամանակաշրջանում ստվերում գտնվող Փաշաեւները հայտնվեն առաջին պլանում: Բանը հասավ նրան, որ Փաշաեւները իշխանության մեջ գրավեցին առաջատար դիրքեր եւ վերածվեցին որոշիչ գործոնի: Նույնիսկ, որոշ դեպքերում նրանք կարողացան լուրջ հարվածներ հասցնել ե’ւ Ռամիզ Մեհդիեւին, ե’ւ Քեմալադդին Հեյդարովին: Իսկ սա բերեց նրան, որ արդյունքում նախիջեւանյան խմբավորումը կրկին միավորվեց», -նշել է աղբյուրը:

 

Աղբյուրի խոսքով' Ռամիզ Մեհդիեւի հետ Քեմալադդին Հեյդարովի միավորվելու նպատակը Փաշաեւներին շարքից հանելը, Իլհամ Ալիեւի վրա ազդեցության հնարավորությունների մեծացումն ու դրանով երկիրը միակ խմբավորումով ղեկավարելն է:

 

Նշվում է, որ իշխանության մեջ նուրսիստների պայքարը եւս իրականում նախիջեւանցիների եւ Փաշաեւների միջեւ դիմակայության արդյունք էր:

 

«Ուշադրություն դարձրեք, նուրսիստների հետ կապված' մեղադրվող չինովնիկների մեծամասնությունը Փաշաեւներին մոտ անձինք էին: Նրանց վերաբերյալ վարկաբեկող նյութերն ավելի շատ հրապարակում էր Քեմալադդին Հեյդարովին մոտ կանգնած մամուլը», -ընդգծել է աղբյուրը: