Պաշտոնական Անկարայի և Հյուսիսային Իրաքի քրդական կառավարության միջև կնքված համաձայնագրով Թուրքիա իրաքյան նավթի ներմուծումը զայրացրել է Իրաքի կենտրոնական իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, պաշտոնական Բաղդադն այս կապակցությամբ Թուրքիայի դեմ բողոքել է ներկայացրել Առևտրի միջազգային պալատ (ICC):

 

Իրաքի նավթի նախարարության արած հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլով Թուրքիան խախտում է ավելի վաղ կնքած համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարությունը նման ձևով նավթի վաճառքն անվանում է «նաղթային մաքսանենգություն»:

 

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իրենք սկսել են Հյուսիսային Իրաքի նավթն արտահանել միջազգային շուկա: Այս հայտարարությունը քննադատել էր նաև ԱՄՆ-ն: Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ առանց Բաղդադի համաձայնության նավթի արտահանումը իրենց համար մտահոգիչ է: