Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով' ռուս-ուկրաինական հարաբերություններն Ուկրաինայում ընթացող նախագահական ընտրություններից հետո դեպի լավը չեն փոխվի. պետք է սպասել այդ երկրում քաղաքական իրավիճակի կայունացմանը: Մեդվեդևը նշել է. «Ուկրաինացիների հետ ավելի հեշտ չի լինի, քանի որ յուրաքանչյուր երկիր փորձում է իր սեփական ուղին առաջ տանել: Իսկ Ուկրաինայի նման ծանր վիճակում գտնվող երկիրն, իհարկե, դա չի կարող իրականացնել ուղիղ ճանապարհով, այն շատ ոլորուն է' կապված ներքաղական զարգացումների և Ուկրաինայի' շատ ծանր վիճակում գտնվող տնտեսության հետ»:

 

ՌԴ վարչապետը, «Շաբաթօրյա լուրեր Սերգեյ Բրիլևի հետ» ծրագրի հաղորդավարին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք պետք է համբերատար լինել ուկրաինացի գործընկերների հետ, պատասխանել է. «Դե, իհարկե, մեզ էլ ոչինչ չի մնում: Նրանք մեզ մոտ մարդիկ են, և հիմա իսկապես շատ ծանր իրավիճակում են գտնվում»:

 

Վաղը' մայիսի 25-ին Ուկրաինայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այսօր այդ երկրում հայտարարվել է «լռության օր»: Ակնկալվում է ընտրողների ռեկորդային մասնակցություն' 80%: Նախագահի աթոռի համար պայքարելու է 21 թեկնածու: Ընտրապայքարի ֆավորիտն է «Ռոշեն» շոկոլադների արտադրության կոնցեռնի սեփականատեր Պետրո Պորոշենկոն: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա ԿԸՀ-ը կանցկացնի քվեարկության երկրորդ փուլ:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրոք հայտարարել էր, որ Մոսկվան կհարգի Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը: