armsport.amՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Ատլետիկոյի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո (4:1), նշել է, որ հաղթանակը նվիրում է Բալկաններում ջրհեղեղից տուժածներին։

Հատկանշական է, որ խորվաթ ֆուտբոլիստն ամբողջական հանդիպում անցկացրեց եվրագավաթային կարևոր խաղում, իսկ նրա՝ անկյունային խաղարկման արդյունքում կատարած փոխանցումից հետո մրցավեճի ավարտից երկու րոպե առաջ հաշիվը հավասարեցրեց Սերխիո Ռամոսը։

– Այս հաղթանակը նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր տուժել են Խորվաթիայում, Բոսնիայում և Սերբիայում տեղի ունեցած հեղեղումներից,-Մոդրիչի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Բալկաններում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 49 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։