ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր բյուջի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքվեց, թե արդյոք տվյալներ ունի՞, թե որքան է եղել կենսաապահովման մթերքների գնաճը:
Զեկուցողն ասաց, որ դրա վերաբերյալ տվյալներ ինքն այս պահին չունի, հետագայում կտրամադրի այդ տեղեկությունը պատգամավորին:
Զոհրաբյանը նաև խնդրեց պարզաբանել, թե ինչի վրա է ծախսվել ռուսական հինգ հարյուր միլիոն վարկը: «Վարկի հետ կապված մութ պատմություններ կան, հինգ հարյուր միլիոնն ինչի՞ վրա է սպառվել: Ասում են՝ գործարարներին են տվել»,- հարցրեց Զոհրաբյանը:
Վերջինիս հարցին պատասխանելով' գլխավոր գանձապետն ասաց, որ վարկի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է եղել դեռ 2009 թվականի բյուջեի տեղեկանքի մեջ, մի մասն օգտագործվել են որպես ծախսային ծրագրերի ֆինանսների աղբյուրներ՝ աղետի գոտում շինարարության համար, մեծ մասն էլ օգտագործվել է վարկերի տրամադրման համար: