Երևանում Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկին հավանություն է տվել Երևանի ավագանին: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու մասին եղել է առաջարկ, նախաձեռնություն, Երևանի ավագանին էլ քննարկել և համաձայնություն է տվել: Ես հասկանում եմ, որ պատմական փաստեր կան, որոնք դժգոհությունների տեղիք են տալիս, գիտեմ, որ կարծիքները միասնական չեն, սակայն Երևանի ավագանին հավանության է տվել որոշմանը»,- ասաց նա:

 

Արեյանն ընդգծեց, որ այս պահին հայտնի չէ, թե արձանը երբ կտեղադրվի: «Այս պահին դեռևս հայտնի չէ, թե երբ կտեղադրվի Միկոյանի արձանը: Ներկա պահին կա միայն նախագծային տարբերակը, և հայտնի չէ նույնիսկ ֆինանսավորման աղբյուրը»,- նշեց Արեյանը:

 

Բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումն ընդունվել է Երևանի ավագանու ապրիլի 30 ի նիստում: Միկոյանի հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։