ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելով, ցույց տվեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը' խոսելով ՀՀ նախագահի' մայիսի 27-ի հայտարարության մասին: Պատմաբանը դա որակեց որպես ճիշտ դիվանագիտական քայլ: «Այս քայլով մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք գնալու երկխոսության և համագործակցության: Սակայն մեր համագործակցության հիմքում միանշանակ դրված է Ցեղասպանության ճանաչման հարցը: Ցավոք սրտի, վերջին տարիներին Թուրքիան ոչ միայն չթուլացրեց Ցեղասպանության մերժման քաղաքականությունը, այլ, ինչպես կանխատեսվում էր, 100-ամյակին ընդառաջ ավելի ուժեղացրեց այն: Կարծում եմ, որ մեր նախագահի երեկվա հայտարարությունը դիվանագիտական շատ ճիշտ քայլ էր»,- ասաց Մելքոնյանը:

 

Չնայած դրան' պատմաբանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն գնա այդ քայլին: «Չեմ կարծում, թե Ցեղասպանության 100-ամյակից առաջ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը, բայց համոզված եմ, որ տարիներ անց այս գործընթացները կհանգեցնեն նրան, որ Թուրքիան կգնա այդ քայլին»,- ասաց Մելքոնյանը' հավելելով, որ այդ ժամանակ Հայաստանի առջև կծառանա երկրորդ խնդիրը' հատուցման խնդիրը: «Ի՞նչ ենք մենք պահանջելու Թուրքիայից, որն Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Այստեղ խնդիրը մեծ է, քանի որ Հայաստանը դեռևս չի հստակեցրել իր պահանջները»,-ասաց նա:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան 2015թ. ապրիլի 24-ին: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից' պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»,- հայտարարել էր ՀՀ նախագահը: