Արարատի մարզի երեք տարածաշրջանների 200 երկրապահներ ԵԿՄ տարածաշրջանային նախագահների գլխավորությամբ երեկ այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Պատվիրակության մեջ էին նաև մարզի պատանի և փոքրիկ երկրապահները, Ջրաշենի համայնքի դպրոցականները' զինղեկ Արտակ Խաչատրյանի ղեկավարությամբ: Այնտեղ էին նաև պատանի երկրապահներ և ԵԿՄ ներկայացուցիչներ' տարբեր մարզերից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սամվել Սարոյանը, այլք: Հնչեց «Սարդարապատ» երգը, որի հնչյունների ներքո ներկաները, ԵԿՄ անդամները խոնարհվեցին' ծաղիկեպսակներ դնելով: Ապա պատանի երկրապահները, հանրապետության և արտերկրից ժամանած պատանի սկաուտները, «Նավասարդ» ակումբի անդամները երգեցին երկրապահի քայլերգը, գուսան Հայկազունի և այլ ռազմահայրենասիրական երգեր: Երկրապահները բռնեցին նաև շուրջպար: Այդ կերպ օտարազգի պատանի սկաուտները երգեցին նաև Գարեգին Նժդեհին, Անդրանիկ Օզանյանին և Դրաստամատ Կանայանին նվիրված երգեր:

 

ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորեց ներկաներին' ընդգծելով, որ Սարդարապատի հերոսամարտը դրեց ոչ միայն առաջին հանրապետության հիմքը, այլ նաև բախտորոշ եղավ հայ ժողովրդի համար այն առումով, որ Թուրքիայում օսմանների կողմից չշարունակվեց հայոց ցեղասպանությունը: