ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված նախնական ընտրացուցակների համաձայն՝ ընտրողների թիվն ավելացել է նաև Շիրակի մարզում: 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ԱԺ-ի ընտրություններից առաջ հրապարակված ընտրողների նախնական թիվը մեր մարզում եղել է 228 հազար 322, հիմա այդ թիվը կազմում է 230 հազար 583: Այսինքն ընտրողների թիվն աճել է 2 հազար 261-ով:
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե այս տարի ընտրացուցակներում ընդգրկվել են նաև 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, ինչի հաշվին էլ գրանցվել է ընտրողների թվի աճ նաև Շիրակի մարզում: Սակայն Շիրակի մարզի վիճակագրական վարչության տվյալներով Շիրակում 18 տարին լրացած և դրանից բարձր քաղաքացիների թիվը ներկայումս կազմում է 216 հազար 886 մարդ: Ինչո՞վ է պայմանավորված թվերի այս տարբերությունը: Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե ընտրողների թվի աճի մասին խոսելիս պետք է հաշվի առնել հետևյալ կարևոր հանգամանքը. «Պետք է մենք հստակ իմանանք, թե որքան է Հայաստանից մշտական բնակության մեկնածների թիվը, և որքան է Հայաստանում մշտական բնակություն հաստատածների թիվը: Այսինքն անձնագրային բաժինը, որ թվային այդ տվյալները ներկայացնում է, հիմնվում է հենց գրանցման մատյաններում եղած թվերի վրա, որն իրականությանը կարող է և չհամապատասխանել»,- ասել է ժողովրդագրագետը: Ըստ նրա՝ այս ընտրություններում էլ ընտրացուցակները կարող են լավագույնս ծառայել ընտրակեղծիքների համար: «Եվ ոչ միայն ընտրացուցակները, նախապայմանները շատ-շատ են, վարչական ռեսուրսի օգտագործումը, այսինքն՝ այս նախագահական ընտրություններին հրահանգված վարչական ապարատն աշխատելու է այդ ուղղությամբ, այսինքն՝ բոլոր պետական հիմնարկությունների ղեկավարները կիսառազմականացված համակարգի պայմաններում պետք է աշխատեն ազգաբնակչությանը բերել ընտրատեղամասեր և քվեարկել տան համապատասխան նախագահի թեկնածուի օգտին»,- հավելել է Արտաշես Բոյաջյանը: