Հայաստանի իշխանություններին անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ զենք-զինամթերք ձեռք բերել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Իհարկե, սպառազինությունների մրցավազքը մեզ անհագստացնում է: Մեզ անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ զենք ձեռք բերել նաև Ռուսաստանից, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական դաշինքի մեջ է Հայաստանի հետ»,-ասաց նա:

 

ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հիշեցնում է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը, որի կարգախոսն է՝ թող մեզ խփեն այնքան գնդակ, որքան կարող են, իսկ մենք կխփենք այնքան գնդակ, որքան պետք է: «Կարծում եմ, Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմատեխնիկայի առումով կարելի է ձևակերպել այսպես' թող Ադրբեջանը գնի այնքան զենք որքան կարող է, իսկ Հայաստանին մենք ՀԱՊԿ շրջանակներում կօգնենք այնքան, որքան պետք է»,- ասաց Աշոտյանը:

 

Ադրբեջանը շարունակում է տարբեր տեսակի զինտեխնիկայի ձեռքբերումը տարբեր երկրներից: Մայիսի 23-ին տեղեկատվություն տարածվեց, որ Ռուսաստանն ավարտել Է Ադրբեջանին T-90C հարյուր տանկերից բաղկացած խմբաքանակի մատակարարումը: