Մի քանի տասնյակ հազար մարդ է դուրս եկել Իսպանիայի 60-ից ավելի քաղաքների փողոցներ միապետության ապագայի շուրջ հանրաքվե անցկացնելու պահանջով այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Խուան Կառլոս Առաջին թագավորը հրաժարվել է գահից, տեղեկացնում է Guardian թերթը:

 

Գլխավոր ցույցերը հունիսի 2-ի երեկոյան տեղի են ունեցել Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում, որտեղ հավաքվել էր շուրջ 20 հազար ցուցարար, եւ Բարսելոնի Կատալոնիա հրապարակում, որտեղ նույնպես հազարավոր մարդիկ էին հավաքվել: Թերթը նշում է, որ համանման հանրահավաքներ են տեղի ունեցել նաեւ Իսպանիայի սահմաններից դուրս՝ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի 30 քաղաքներում: Wall Street Journal հրատարակության տվյալներով՝ ցուցարարները թափահարում էին Իսպանիայի Երկրորդ հանրապետության դրոշները եւ վանկարկում՝ «Վաղն Իսպանիան կդառնա հանրապետություն»:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ այն բանից անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ գահից Խուան Կառլոս Առաջին թագավորի հրաժարվելու մասին, իսպանացիների մի մասը հանդես է եկել արքայազն Ֆելիպեի կողմից գահաժառանգման դեմ՝ պահանջելով անցկացնել հանրաքվե՝ որոշելու արդյոք երկիրը կմնա միապետություն, թե կդառնա հանրապետություն: Քաղաքական երեք կուսակցություններ՝ «Միավորված ձախերը», «Մենք կարող ենք» եւ «Էկուոն», պաշտպանել են ակտիվիստներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: