ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի հետ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միասնական շահերից բխող ռազմավարական համագործակցությունը: Նաև նշվել է, որ առաջիկա օրերին նախագահ Օբաման կհանդիպի Սիսիի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Եգիպտոս՝ մասնակցելու երդմնակալության արարողությանը: Սա կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար, որոնք դադարեցվել էին 1980-ին:
Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 3-ին հայտարարել էր, որ Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթել է Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին՝ ստանալով ավելի քան 23 միլիոն ձայն, որը կազմել է 96.1 տոկոսը: Նրա մրցակից Համդին Սաբահին հավաքել էր 757 հազար 511 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 3.9 տոկոսը: