ԱՄՆ-ի վարչակազմը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Ուկրաինա, հատկապես երկրի արեւելյան տարածաշրջաններ, ուղեւորություններից: Այդ մասին ասված է պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ, որը տարածվել է հունիսի 5-ին:
Դրանում, մասնավորապես, նշվում են «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում շարունակվող դաժան ընդհարումները ռուսամետ խմբերի եւ Ուկրաինայի զինված ուժերի միջեւ»: Պետդեպարտամենտը հայտնել է, որ այդ բախումների ընթացքում կիրառվում են «զրահատեխնիկա, օդուժ եւ այլ զինատեսակներ»:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայրենակիցներին նաեւ նախազգուշացրել է Ղրիմ ուղեւորություններից եւ կոչ է արել «զգուշություն ցուցաբերել Օդեսա այցելելիս»:
«Ուկրաինայի իրադրությունն անկանխատեսելի է եւ կարող է արագորեն փոխվել»,- նշվում է փաստաթղթում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: