Թուրքիայից և Հայաստանից մի խումբ երիտասարդներ պարային նախաձեռնություն են սկսել: Նախագիծը, որի շրջանակներում երիտասարդները կատարում են ժողովրդական պարեր, ստացել է «Միասին ապրի’ր և պարի’ր» անվանումը: Այս մասին հաղորդում է «Ակոս» պարբերականը:

 

Դիարեբքիրից մեկնարկած նախագծի շրջանակներում յուրաքանչյուր երկրի տասը ներկայացուցիչներ արդեն հանդես են եկել Դիջլեի համալսարանում: Նրանց պարային բեմադրությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել ներկաների կողմից: Նախագծի հեղինակները նշել են, որ իրենք նպատակ ունեն մշակութային միջոցներն օգտագործելով կոտրել երկու երկրներում առկա կարծրատիպերը և ամրապնդել փոխադարձ հարգանքն ու ստեղծել վստահության մթնոլորտ:

 

Դիարբեքիրից հետո հունիսի 6-ին նախագծի մասնակիցներն առաջին փուլում հանդես կգան Մուշում, հունիսի 7-ին' Վանում, հունիսի 8-ին' Դողուբայազեթում: Արդեն երկրորդ փուլում նրանք կլինեն Հայաստանում, որտեղ հունիսի 10-ին հանդես կգան Գյումրիում, հունիսի 11-ին' Վանաձորում, հունիսի 12-ին' Դիլիջանում, իսկ արդեն հունիսի 13-ին' Երևանում: