Վատիկան կատարած այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն, Առաջնորդ Սրբազանների ընկերակցությամբ, այցելել է Վատիկանում Լիբանանի և Հայաստանի դեսպանատներ և հանդիպումներ ունեցել դեսպանների հետ:
Լիբանանի դեսպան Ջորջ Խուրին, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցելությունը Վատիկան, հիշատակել է իր առաջին այցելությունը 6 տարի առաջ Բենեդիկտոս Պապին: Նա նշել է, որ Միջին Արևելքի և հատկապես Լիբանանի համար այս այցելությունը չափազանց կարևոր է՝ նկատի ունենալով Պապի և Վատիկանի ամբողջական զորակցությունը Մ իջին Արևելքի քրիստոնեությանը' հատկապես, Լիբանանին: Իր հերթին Վեհափառ Հայրապետը շեշտել է Լիբանանի ներքին միասնականությունն ամուր պահելու և շուտափույթ նախագահական ընտրություն կատարելու կենսական կարևորությունը:
Հայաստանի դեսպանատանը դեսպան Միքայել Մինասյանը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին՝ նրան փոխանցելով ՀՀ Նախագահի մաղթանքները: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայաստանի դեսպանատանը լինելը նշանակում է հայկական հողի վրա լինել: Նա իր ուրախությունն է հայտնել Հայաստանի հետզհետե ծավալող դիվանագիտական հարաբերությունների առնչությամբ ու ողջունել է երիտասարդ դիվանագետների ներկայությունն արտաքին հարաբերությունների բնագավառում: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է դեսպանների կարևոր դերը այդ հարցում՝ նշելով, որ 100-րդ տարելիցը պետք է ոչ միայն մեր ժողովրդի համար հիշելու առիթ լինի, այլ նաև հիշեցնի մեր շրջապատին հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները ու այդ իրավունքների վերատիրանալու մեր ժողովրդի միասնական կամքը: