Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշել է.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով' ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Գաբրիելյանին: Նշենք, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Վերոնշյալ հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Մարտական ծառայության մեդալով' ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հիշեցնենք, որ Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, մարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

Մովսես Խորենացու մեդալով' ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք պարգևները գտնում են իրենց արժանի տերերին, պատասխանեց. «Իշխող վարչախումբն արդեն տարիների փորձ ունի պետական պարգևները ապականելու գործում: Կարծում եմ' եթե ԽՍՀՄ հայտնի պետական գործիչը ՀՀ ազգային հերոսի կոչմանն է արժանանում, իսկ ԽՍՀՄ եւ ՌԴ հայտնի երգչուհին «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի», ապա սպասելի է, որ մի օր հասնելու էր իրենց հերթը' ստանալու բոլոր հնարավոր պետական մրցանակներն ու պարգևները:

Հիմա դեռեւս չեն հասել բոլորն ունենալու հանգրվանին, բայց դրա ճանապարհի մեծ մասն անցել են: Հավանաբար երկրի անմխիթար քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական վիճակը ուղիղ համեմատական է նրանց կողմից պարգևներին տիրելու գործընթացի հետ: Հուսով եմ' հանրության ջանքերը երբևէ կբերեն նրան, որ մեր հասարակությունը, նոր պարգևատրվողների անունները լսելիս, իր երկրի պատիվը ոտնահարված չի համարի, որքան էլ համաձայն չլինի կամ կասկածներ ունենա այս կամ այն պարգևատրվողի արժանիության հարցում»:

Մելանյա Մելքումյան