Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվական արշավի նոր փուլում իրենց խարդավանքներին խառնել են երկու երկրի նախագահի, երկու երկրի' բելառուսական և սերբական լրատվամիջոցների: Նրանք Բելառուսի նախագահին վերագրել են սերբական լրատվամիջոցներին տրված հարազրույցում չհնչեցված միտք' Պուտինի կողմից Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը միանալու հրավերի վերաբերյալ:

 

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ' վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի' սերբական հեռուստառադիոընկերությանը և «Պոլիտիկա» օրաթերթին տված հարցազրույցը, նշել են իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ադրբեջանին անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Իրականում «Պոլիտիկայի» կայքում այսօր հրապարակված հիշյալ հարցազրույցում Բելառուսի նախագահը որևէ անգամ չի հիշատակել Ադրբեջան բառը, անգամ չի նշել այդ աշխարհագրական տեղանունը Եվրասիական տնտեսական տարածքի հեռանկարների վերաբերյալ հարցի պատասխանում, որի տեսագրությունն առկա է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: «Եվրասիական տնտեսական միությունը մեծ հեռանկարներ ունի... Դեռևս երեք երկրների կողմից պայմանագրի ստորագրման փուլում դրա նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Չեմ խոսում Չինաստանի մասին, որի հետ արդեն պայմանավորվում ենք, համագործակցում, այսօր Վիետնամը, Հնդկաստանը հայտարարում են այս մասին, այլ պետություններ, դուք եւս ձեզ այդտեղ եք տեսնում: Վստահ եմ, որ Ուկրաինան չի կա րող խուսափել այդ միության հետ համագործակցությունից»,- ասել է Բելառուսի ղեկավարը' համարելով նորաստեղծ միությունն աշխարհի բազմաբևեռությանը նպաստող գործոն:

 

Ադրբեջանական լրատվամիջոցների գործելաոճը մեկնաբանելու համար «Արմենպրես»-ը դիմեց տարածաշրջանային խնդիրների փորձագետ Արաքս Կասյանին, ով նշեց, որ ադրբեջանցիներն ավելի շատ ցանկանում են բացասական ֆոն ստեղծել ԵՏՄ-ին Հայաստանի անխուսափելի ինտեգրման շուրջ' հասկանալով դրա դրական հետևանքները Հայաստանի տնտեսական զարգացման համար: «Գործ ունենք ադրբեջանական լրատվամիջոցների սովորական աշխատաոճի հետ, երբ երևակայությունը նրանց հիմք է տալիս խիստ ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,- ասաց Կասյանը:

 

Խնդրո առարկայի վերաբերյալ ադրբեջանական կայքերի վկայակոչած սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման ոչ պրոֆեսիոնալ ու սովորական աշխատաոճի հերթական դրսեւորման համար առիթ է հանդիսացել բելառուսական ընդամենը մեկ լրատվամիջոցի ամփոփման (background) մեջ առկա' այս պահի դրությամբ որեւէ հիմնավորում չունեցող մտահանգումը: