Իսրայելի նոր նախագահի պաշտոնում Կնեսետի կողմից Ռուվեն Ռիվլինի ընտրությունը լրջորեն անհանգստացրել է Թուրքիային: Ռիվլինի' նախագահի պաշտոնում ընտրվելու լուրը թուրքական մամուլում, որպես կանոն, զուգորդվել է նրա հայանպաստ գործունեության, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշման մասին հիշեցումներով: Թուրքական Haberler.com-ը գրել է, որ Կնեսետում Ռիվլինի նախագահության շրջանում մշտապես օրակարգային հարցերի շրջանակում է եղել Հայոց ցեղասպանության հարցը:

 

2011 թվականի դեկտեմբերին, երբ Կնեսետում քննարկումներ էին իրականացվում 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ, Ռիվլինը հանդես էր եկել հայտարարությամբ' նշելով, որ որպես ցեղասպանություն տեսած, 6 միլիոն մարդ կորցրած ժողովուրդ, իրենք չեն կարող անտեսել հայերի ապրած ցավերը: Իսկ 2012 թվականի քննարկումներում Ռիվլինը հայտնել էր, որ իրենք չեն թիրախավորում թուրքական կառավարությանը կամ Թուրքիային:

 

Իսրայելի նոր նախագահը հայտնի է նաև «Մավի Մարմարա» նավի գործում իր ունեցած խիստ դիրքորոշմամբ: Մասնավորապես, նա բազմիցս կտրականապես դեմ է արտահայտվել Թուրքիայից ներողություն խնդրելու հարցում: «Մավի Մարմարայի» դեպքերից հետո առաջին անգամ 2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջնորդությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո Ռիվլինն ասել էր. «Քանի որ մեզ անհրաժեշտ են ռազմավարական հարաբրութ յուններ, կարելի է հասկանալ «Մավի Մարմարայի» հարցով Թուրքիայից ներողություն խնդրելը: Սակայն նույն պատճառներով Հայոց ցեղասպանության ժխտումն ընդունելի չէ»: