Կողմնակի անձանց դժվար է հայտնվել երևանյան «մաֆիայում». մուտքը միայն հրավերով է: Բիզնեսով այստեղ զբաղվում են եռանդով, կրքով, լուրջ, բայց միևնույն ժամանակ «ձևական»: «Մաֆիայի» նոր մասնակիցը կարող է ընտրել ցանկացած մարտավարություն, սակայն նրա հաջողությունը վճռական պահին կախված է նրանից, թե կկարողանա՞ արդյոք լեզու գտնել մյուս մասնակիցների հետ: Հայաստանը շարունակում է մնալ ոչ հարուստ, սակայն Ռուսաստանի համար Կովկասի տարածաշրջանի ամենաընկերական երկիրը: Այսպիսին է Forbes-ի ռուսական հանդեսի հոդվածագրի առաջին տպավորությունը Հայաստանից: Նա փորձել է պարզել` Հայաստանում արդյոք տեղ կա՞ ռուսական բիզնեսի համար:
«Արմ-գազ-ջազ»
Հայաստանյան քրոնիկոնը հոդվածագիրն սկսում է երևանյան ջազից: «Տիպիկ երևանցի` 70-ին մոտ տարիքով, բաճկոնով և սիգարետով, ջազ է նվագում փոքրիկ ակումբում: Մալխաս. այդպես են երևանցիներն անվանում Լևոն Մալխասյանին: Երևանը սիրում է ջազ: Այստեղ տասնյակ ջազ-ակումբներ կան»,- գրում է հոդվածագիրը:
«Մալխասը և իր ակումբը Երևանի ինքնատիպ խորհրդանիշ են»,- այս մասին ասում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Վերջերս ընկերությունը հովանավորեց ջազի հայկական հավաքածուի լույս ընծայումը` «Արմ-գազ-ջազ»-ը և հայկական ջազի 75-ամյակին նվիրված միջոցառումները:
«Գազը հայերի համար հիմնական էներգոարտադրանք է: Հայկական մեքենաների 60 տոկոսը լիցքավորվում է գազով, իսկ հասարակական երթուղիների պարագայում այդ թիվը հասնում է 95 տոկոսի: Ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում ամենամատչելի գնով` 189 դոլար 1000 խորանարդ մետրի համար, իսկ «Գազպրոմը» միջինում 311 դոլարով է վաճառում գազն այլ երկրների»,- հիշեցնում է նա:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագեց «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքբերման պայմանագիրը: «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարեց, որ «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր, և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը:
Հայաստանը գինու հայրենիքն է
Հոդվածագիրն անտարբեր չի անցնում հայկական գինու կողքով: Նա հիշեցնում է, որ Հայաստանի հարավարևմտյան մասում գտնվող քարանձավում հայտնաբերվել է գինեգործական մի համալիր, որն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն և հնագույնն է աշխարհում: «Ստացվում է, որ Հայաստանը գինու հայրենիքն է: Միևնույն ժամանակ ալկոհոլը համարվում է դեպի Ռուսաստան արտահանվող ավանդական ապրանքատեսակը»,- նշում է նա:
Forbes-ը ներկայացնում է գինու երկրի և Հայաստանում գինեգործության պատմության մասին` ներկայացնելով մի լեգենդ, ըստ որի գինեգործությունն սկիզբ է առնում Արարատ լեռան լանջին տնկված խաղողից և ավելացնում, որ ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի:
Հայաստանում գրեթե բոլորը կողմ են Մաքսային միությանը
Forbes-ի լրագրողն իր զարմանքն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանում գրեթե բոլորը կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: «Հայաստանը գոհ է, որ մտնում է Մաքսային միություն. այդպիսով կկրճատվեն մաքսային ծախսերը»,- գրում է նա: Հոդվածագիրը նկատում է, որ Երևանի պատերին ամենուր ամրացված են հայտարարություններ.
«Լյուքս վոյաժ` դեպի Մոսկվա, Կրասնոդար, Ռոստով…» վերտառությամբ: «Լյուքս» ավտոբուսներն իրականում տեղափոխում են աշխատանքային միգրանտներին: Նրանք մեկնում են Ռուսաստան: Նրանց թիվը տարեկան գերազանցում է մի քանի հազարը: Միգրանտներից շատերը հետագայում Երևան են գալիս միայն որպես զբոսաշրջիկներ. նրանք ընդլայնում են հայկական սփյուռքը»,- նշում է հոդվածագիրը:
Տուրիզմը` Հայաստանում
Նա անդրադառնում է նաև Հայաստանի զբոսաշրջությանը` նշելով, որ 90-ականներին զբոսաշրջությունը Հայաստանում չէր զարգանում, քանի որ պատերազմ էր: «Ներկայումս զբոսաշրջիկների տարեկան թվաքանակը գերազանցում է 1 միլիոնը, սակայն մինչև 2020 թվականը նպատակ կա գերազանցելու 3 միլիոնի սահմանը»,- գրում է Forbes-ի թղթակիցը:
«Հայաստանի խորհրդանիշը շարունակում է մնալ Արարատը, թեև այն 1921 թվականից գտնվում է Թուրքիայի տարածքում»,- նկատում է հոդվածագիրը և մեջբերում հայերի այն պնդումները, որ «Արարատն այս կողմից ավելի գեղեցիկ է» և որ «աշխարհում առաջին տուրիստն էլ է Հայաստան եկել»:
Հայկական շախմատը
Հոդվածագիրը պատմում է նաև Սևանի մասին, ապա սահուն անցում կատարում դեպի հայկական շախմատը: «Հայաստանը շնչում է շախմատով, այստեղ խաղում են շախմատ և շախմատային են մտածում»,- գրում է նա, ապա հավելում. «Երբ շրջափակման մեջ ես, ուզած թե չուզած, պետք է ձիով քայլ անես»:
Forbes-ը հիշեցնում է, որ Հայաստանի սահմանները երկու հարևանների հետ փակ են, և նշում, որ տնտեսության զարգացման միակ ճանապարհը մնում է գիտությունը: Հոդվածագիրը շեշտում է, որ Հայաստանը ընտրել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ճանապարհը և որ տնտեսության այդ ճյուղը ամենամեծ աճն է գրանցում:
Եզրափակելով նյութը` նա հավելում է. «Ուժեղ երկիր է Հայաստանը` այստեղ ներդրումներ ես անում ոչ թե նախագծերում, այլ մարդկանց վրա: Նրանք քո գործընկերներն են, ընկերները, հարազատները` այն մարդիկ, ում դու վստահում ես, նրանք կարող են ներդրումներից հրաշքներ ստեղծել»: