Թուրքիայի իշխանություններին չի հաջողվել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի Անկարա կատարած այցին լուծել Իրանից գնվող գազի գնի նվազեցման հարցը, ինչի համար թուրքական իշխանությունները ջանքեր են գործադրում արդեն երկու տարի շարունակ: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:

 

Թերթը գրում է, որ իրանական գազի սակագնի նվազեցման հարցը եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուհանիի միջեւ հանդիպման գլխավոր հարցերից մեկը: «Սակայն, հարցը մնաց չլուծված, եւ, փաստորեն, չբավարարվեց իրանական բնական գազի սակագնի նվազեցման Թուրքիայի պահանջը», -նշում է թերթը:

 

Անկարան պահանջում է, որ Թեհրանը 32.5 տոկոսով իջեցնի Թուրքիային վաճառվող բնական գազի սակագինը, իսկ իրանական կողմը նախատեսում է գնալ ընդամենը 10 տոկոս զեղչի, այն էլ' 2020 թվականից հետո:

 

Թուրքական թերթն ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանը չափազանց բարձր գնով է գազ վաճառում Թուրքիային' հազար խոր.մ-ի դիմաց' 500 ԱՄՆ դոլար: Թերթը որպես օրինակ նշում է այն, որ Իրանը Հայաստանին գազը վաճառում է հազար խոր.մ-ի դիմաց 100 ԱՄՆ դոլար գնով: «Այսինքն' իրանական գազի համար Թուրքիան 5 անգամ ավելի է վճարում, քան Հայաստանը», -նշում է թերթը:

 

Թուրքիան իրանական գազի գնի հարցը զուգահեռաբար ցանկանում է լուծել դատական կարգով: Անկարան այդ հարցով դիմել է միջազգային դատարան, որի կողմից վճռի հրապարակումը ենթադրվում է մինչեւ տարեվերջ: