Երևանի ժամանակով 22:15-ին Երկիր մոլորակի ֆուտբոլասերների, միլիարդավոր երկրապագուների ուշադրության կենտրոնում կլինի Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի «Կորինտիանս» մարզադաշտը: Ֆուտբոլի աշխարհի 20-րդ հոբելյանական առաջնությունն անցկացվում է աշխարհի մի երկրում, որտեղ ֆուտբոլն ավելին է, քան մարզաձև, որտեղ ֆուտբոլն ապրելակերպ է: Բրազիլիան այն հինգ երկրներից մեկն է, որն արդեն երկրորդ անգամն է ընդունում Մունդիալը (առաջին անգամ 1950 թվականին էր):

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցեն մոտ 600 արտիստներ, պարողներ և մարմնամարզիկներ: Հանդիսավոր բացման արարողության ռեժիսորը բելգիացի Դաֆնե Կարնեն է: Ներկաների համար աշխարհի 2014 թվականի առաջնության պաշտոնական երգը «Մենք մեկն ենք» (We are One): Բացմանը ելույթ կունենան նաև Բեյոնսեն, Պոլ Մաքարտնին: Աշխարհի առաջնությանը նվիրված մեկ այլ լավագույն ստեղծագործություն' «Կյանքի գավաթ» (The Cup of Life) երգը կկատարի Ռիկի Մարտինը: Միլիարդավոր հանդիսականները կտեսնեն, թե ինչպես հաշմված ոտքերով մեկը կխփի գնդակին' ազդարարելով առաջնության բացումը: Իսկ բրազիլական կրքոտ սամբան ավելի կոգևորի ինչպես ներկաներին, այնպես էլ մասնակից ֆուտբոլիստներին:

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության հանդիպումները կանցկացվեն բրազիլական 12 քաղաքներում' Բելու-Օրիզոնտի, Բրազիլիա, Կույաբա, Կուրիտիբա, Ֆորտալեզե, Պորտու-Ալեգրի, Ռեսիֆե, Սալվադոր, Նատալ, Մանաուս, Սան-Պաուլո և Ռիո դե Ժանեյրո:

Մունդիալի պաշտոնական գնդակը կրում է «Բրազուկա» անունը: Գնդակի անվանումը ընտրել են բրազիլացի երկրպագուները' քվերակության միջոցով: Գնդակն արտադրել է «Ադիդաս» ֆիրման Պակիստանում: Առաջնության թալիսմանը կապույտ մազերով Ֆուլեկոն է, հագին' «BRAZIL 2014» շապիկ:

Աշխարհի նախորդ առաջնություններում ամենաշատ հաղթանակը տոնել է Բրազիլիայի հավաքականը (5 անգամ): Իրենց տարած հաղթանակներով երկրորդ տեղում իտալացիներն են' 4 անգամ, 3 անգամ աշխարհում լավագույնը ճանաչվել է Գերմանիայի ընտրանին, իսկ երկու անգամ աշխարհի գավաթին տիրացել են Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականները: Մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Ֆրանսիան և Իսպանիան:

Մունդիալ-2014-ին մասնակցում են աշխարհի 32 պետություն: Աշխարհի գործող չեմպիոնը Իսպանիայի հավաքականն է: Իսպանացիները B խմբում են' Նիդեռլանդների, Չիլի և Ավստրալիայի հավաքականների հետ: Հետաքրքիր զուգադիպությամբ, իսպանացիներն այս Մունդիալի առաջին խաղը կանցկացնեն այն թիմի հետ, ում դեմ դուրս եկան վերջին անգամ ԱԱ-ի 2010 թվականի եզրափակիչում և հաղթեցին, դա Նիդեռլանդների հավաքականն է:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կկայանա հունիսի 13-ին, Երևանի ժամանակով' 00-00-ին: Մեծ ֆուտբոլի առաջին հանդիպումը կանցկացնեն Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականները:

ԱԱ-ի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: