Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն չէ տեսակետների հետ, ըստ որոնց' քառյակն իր 12 կետանոց հայտարարության մեջ անդրադարձ է կատարել միայն սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ քառյակի հայտարարության առաջաբանում կար հատուկ կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության խնդիրներին, որոնք գերակա խնդիր ներ են: «Լրատվամիջոցները հավանաբար կամ մոռացել են այս կետը կամ ցանկանում են անտեսել: Նրանք, ովքեր մեզ մեղադրում են միայն սոցիալ-տնտեսական հարցերի անդրադառնալու մեջ, չարաչար սխալվում են»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանն ընդգծեց, որ քառյակի հայտարարության մեջ ամրագրված կետերից շատ կարևոր է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի հետ կապված կետը, որով իրենք առաջարկում են վերացնել պարտադիր բաղադրիչը: Նա ընդգծեց, որ կառավարությունը օրենքի նոր մոդելի մշակման համար քաղաքական ուժերին առաջարկել է մասնագետների ներկայացնել, ովքեր կմասնակցեն օրենքի մշակման գործընթացին: «Այս պահին մեր առաջարկած մասնագետների հետ դեռևս կապ չի հաստատվել, իսկ մեզ խոսակցություններ են հասել, որ նոր մոդելը շուտով արդեն պատրաստ կլինի և կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, ինչը մտահոգիչ է մեզ համար»,- ասաց Վարդանյանը:
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը ներկայացրել է 12 կետից բաղկացած առաջարկները: Տեքստում շեշտադրված էին երկրում փոփոխություններ իրականացնելու մի շարք կետեր: Մասնավորապես, քառյակը պահանջում է վերացնել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչը, վերանայել ճանապարհային տեսանկարահանող սարքերի միջոցով սահմանվող տուգանքների ու ավտոկայանատեղերի համակարգը, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ, մարզերում խթանել փոքր ու միջին բիզնեսը, առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի ու վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի, գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձի բարձրացումը և այլն: