Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է: Այն հաստատվել է 2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում, ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով մարդու արյան խմբերի հայտնաբերման համար 1930թ. արժանացել է Նոբելյան մրցանակ:

 

1819թ. Անգլիայում առաջին անգամ արյան փոխներարկում կատարվեց մարդուց մարդուն: Ներկայումս արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ մարդկային կյանք է փրկում:

 

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2013թ. կատարվել է մոտ 13 000:

 

Աշխարհի 57 երկրներում դոնորների 100%-ը կամավոր անհատույց է: Նախկին սոցիալիստական ճամբարի որոշ երկրներում կամավոր անհատույց դոնորության հետ կապված խնդիրներ կան։ Բուլղարիայում, օրինակ, որտեղ 75% արյունատվությունները փոխհատուցվող դոնորներից են, 1000 բնակչից դոնոր են հանդիսանում 22-ը, Լիտվայում կամավոր անհատույց դոնորները կազմում են 33%:

 

Ըստ ԱՀԿ-ի տվյալների, որպեսզի երկիրն ամբողջովին ապահովված լինի արյան բաղադրամասերով և պատրաստուկներով, երկրի 1000 բնակչից 40-ը պետք է դոնոր լինի: Հայաստանում ներկայումս 1000 բնակչից դոնոր են 3-ը: Սա նշանակում է, որ ցանկալի ցուցանիշին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան:

 

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են փոխհատուցվող դոնորները' 48,7%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անհատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 4.7 %: Այս խնդրի լուծումն անվարձահատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ:

 

Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք' միայն մեր կողմից հանձնած արյան շնորհիվ հնարավորություն կստեղծվի փրկել տուժած մարդկանց կյանքերը: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտել, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անվարձահատույց: