Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարությունները շատ քննարկելու և դրանց լուրջ վերաբերվելու կարիք չկա: Ազգային ժողովում անցկացվող ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության անդամ Լևոն Մարտիրոսյանը: «Ես կարծում եմ, որքան մենք քննարկում ենք այդ մարդու հայտարարությունները, այնքան ավելի ենք լրջացնում դրանք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ստացվում է, որ Ազգային ժողովում անլուրջ մարդու են ընդունել, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչ թե անլուրջ մարդու են ընդունել, այլ նա ընդամենը իր կարծիքն է արտահայտել, և նրա հայտարարություններին հարկավոր է վերաբերվել որպես կարծիքի:
Թեմային անդրադարձավ նաև Հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով տեղեկացրեց, որ շատ շուտով ՌԴ պետդումայի շենքում պետք է բացվի զուգահեռ ակումբ, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու այն հավասարազոր է լինելու մեզ մոտ եղած ակումբին: «Մենք պիտի փորձենք ավելի զգոն լինել ու հասկանալ ռազմավարական գործընկեր երկրներոմ ինչ են մտածում, ինչ հավակնություններով են հանդես գալիս, եթե այս ամենը չիմանանք, շ ատ շուտով բոբիկ ենք մնալու»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞վ էր Կիսելյովին հրավիրել Հայաստան, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կիսելյովը, չգիտեմ՝ ինչ խնդիրներով էր Հայաստանում, բայց եկել էր, և առիթ էր, որ գար ու հանդիպեր մեզ հետ»: Նաղդալյանը տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը ոչ իշխանական պատգամավորները ևս հրավիրված են եղել, մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, ու սխալ է տեսակետը, թե իրենք չեն պատասխանել Կիսելյովին, քանի որ ՀԿ-ների ներկայացուցիչներն էլ, պատգամավորներ էլ նրան պատասխանել են:
Հերմինե Նաղդալյանը համաձայն չէ ընդդիմության տեսակետի հետ, թե Կիսելյովի հետ հանդիպումը տեր ու ծառայի տպավորություն էր ստեղծում: «Ո՞վ որոշեց, թե ով շատ լռեց, ով քիչ խոսեց: Հակադարձումներ են եղել: Ո՞վ է ասում, որ լռություն է եղել, ու տերն ու ծառայի հարաբերություններ են: Կանխակալ վերաբերմունք է, քանի որ եղել են վաթսունից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ակտիվ հակադարձել են Կիսելյովին ու իրենց սեփական հարցադրումներն են արել»,- ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով Աղվան Վարդանյանի կողմից ռուս լրագրողին պաշտպանողներին բանաստեղծություն նվիրելու հանգամանքին՝ Նաղդալյանն ընդգծեց, որ այս բանաստեղծությունը Վարդանյանը հիշել է վերջերս՝ ոչ միայն Կիսելյովի առիթով, նաև ավելի վաղ՝ ՌԴ կատարած այցի ժամանակ: «Այդ մասին խոսվել է ու ընթերցել է՝ հիշեցնելու համար, որ 1987-ին ինքն այդպիսի բանաստեղծություն է գրել: Հիմա ուրախ եմ, որ վերընթերցելու առիթ եղավ: Սա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր, ու մեր ոչ իշխանական գործընկերներն աշխատեցին իրենց դիվիդենտները քաղել ու ըմբոշխնել այդ թեման, շատերը թեմա չուն եին, ու այդ առումով Կիսելյովը ժամանակին էր եկել»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
«Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում «Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, ռուս մեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում՝ «Եվրասիական ինտեգրացիայում ոչ կառավարական կազմակերպությունների դերը» խորագրով «Հայ-ռուսական բարեկամության» խորհրդարանական ակումբի 5-րդ նիստում նշել էր, թե Հայաստանում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվին, եւ դա բխում է Հայաստանի անվտանգությունից: