Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնը հրապարակել է զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների հիման վրա 2014 թվականի ընթացքում երկրի անվտանգության և պաշտպանության հատվածում զոհված և վիրավորված զինծառայողների թիվը:

 

Ընթացիկ տարվա սկզբից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերում կորուստը կազմել է 41 զինծառայող: Հիշյալ ժամանակահատվածում վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 73 զինծառայողներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ 10 զինծառայողներ զոհվել են հակառակորդի գնդակից, 3-ը' ականի պայթյունից, 28-ն էլ ոչ մարտական կորուստներ են: 6 հոգի զոհվել է ավտովթարից, մեկ հոգի' անհայտ պատճառ ով, 4 հոգի' ոչ կանոնադրական հարաբերություններից, մեկ հոգի' դժբախտ պատահարի (ջրում խեղդվելու) պատճառով, 6 հոգի մահացել են հիվանդությունից, 10 հոգի էլ ինքնասպանություն են գործել: Մահացածներից 35-ը' ՊՆ, 3-ը' արդարադատության նախարարության, 1-ը' ներքին զորքերի, 2-ը' պետական սահմանային ծառայության զինծառայողներ են:

 

Ըստ «Դոկտրինայի», 18 զինծառայողներ վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների, 6 հոգի ինքնասպանության փորձ կատարելու, 10 հոգի հակառակորդի գործողությունների, 8 հոգի ականի պայթյունի, 2 հոգի զինավարժանքների, 27 հոգի' ավտովթարի, 1 հոգի էլ' դժբախտ պատահարի (էլեկտրական հոսանքահարման) հետևանքով:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հունիսի 15-ի երեկոյան ադրբեջան-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող: