Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը ՍԴ-ի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խումբն առաջարկել է պարտադիր կուտակային վճարը սահմանել որպես ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար: Աշխատանքային խմբի առաջարկություններն ուղարկվել են Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն, որն էլ հարցի շուրջ կազմակերպել է հանրային քննարկում:

 

Աշխատանքային խմբի նիստի ժամանակ ընդունված, փաստաթղթում ուրվագծված սխեման ներառում է մի քանի մոտեցում: Նախ' 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):

 

Ըստ ներկայացված առաջարկի' սոցիալական վճարի դրուքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի' մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ' 500 հազար դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը' 25 հազար դրամ ամսական, կամ տարեկան 300 հազար դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո' 2019 թվականից, ավելացվելու է' միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:

 

Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն անսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափն է' 2014թ. հուլիսի 1-ից' 50 հազար դրամ):

 

Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 հազար դրամից)' որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

 

Համաձայն ներկայացված առաջարկության' եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18 հազար դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար' խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկային ծառայությունը' հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):

 

ԿՀԻԿ հիմնադրամը բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, կազմակերպություններին և նախաձեռնություններին առաջարկում է օգտագործել կենտրոնի ֆեյսբուքյան էջը որպես հարթակ' այս մոտեցումները քննարկելու, դրանց վերաբերյալ տեսակետներ հայտնելու, հնարավոր ռիսկերը վեր հանելու, սեփական առաջարկները ներկայացնելու համար: Բոլոր կարծիքներն ու առաջարկներն ամփոփվելու և ներկայացվելու են աշխատանքային խմբի անդամներին' դիտարկման և քն նարկման: