Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող հաճախորդների քանակը 2013 թվականին ավելացել է 18 տոկոսով' կազմելով 1.9 մլն: Այդ աճը գրեթե ամբողջովին պայմանավորված է եղել ֆիզիակական անձ հանդիսացող հաճախորդների քանակի աճով, որն էլ, իր հերթին, տարեվերջին կազմել է 1.8 մլն: ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է տարեկան հաշվետվությունը, որի համաձայն' բանկային համակարգում հաճախորդների հաշիվների քանակն ավելացել է 20 տոկոսով' կազմելով 3.2 մլն, այդ թվում' 2.3 մլն' ընթացիկ, 165 հազար' ժամկետային և 697 հազար' վարկային հաշիվներ:

 

Շրջանառության մեջ գտնվող բանկային քարտերի ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 18 տոկոսով և կազմել է 1.6 մլն:

 

Հայաստանի տարածքում նախորդ տարի վճարային քարտերով իրականացվել է 1 տրլն 108 մլն դրամի գործառնություն: Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 16 տոկոսով և կազմել 105.8 մլրդ դրամ:

 

Անցյալ տարվա վերջի դրությամբ' հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումն իրականացվել է Հայաստանում գործող 19 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում' բոլոր բանկերն էլ անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին: